Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև քննարկումները կենտրոնացած էին վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, մասնագիտական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, տարածքային կառավարման բարեփոխումների և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության վրա։ Այս մասին հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանին կտրամադրվի 84.6 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ և վարկ, որից 69 միլիոն եվրոն մեկ միասնական համաձայնագրի գումարն է (որից 66 միլիոն եվրոն վարկ է), իսկ 3 միլիոն եվրոն՝ դրամաշնորհ։ 15.6 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհները կտրամադրվեն GIZ-ի միջոցով կնքված տեխնիկական համաձայնագրի շրջանակներում։
«Վարկը կտրամադրվի երկու փուլով։ Այսպիսով, առաջին փուլով կտրամադրվեն 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ։ Երկրորդ փուլով՝ 40 մլն եվրոյի վարկ և 1 մլն եվրոյի դրամաշնորհ։ Միջոցներն ուղղվելու են «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում» ծրագրի իրականացմանը», – ասել է Պապոյանը։
Կառավարության նախագիծը, չնայած բավականին դրական շնորհանդեսին, մտահոգություն է առաջացրել խորհրդարանական ընդդիմության մոտ։ Այսպես, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ իշխանությունները, ըստ էության, հերթական անգամ որոշել են մեծացնել առանց այդ էլ մեծ պետական պարտքը և որ այդ նպատակն իրականացնելու համար փորձել են ամեն կերպ քողարկել իրենց մտադրությունները՝ նախագիծը գեղեցիկ փաթեթավորման մեջ դնելով։
News.am