Логотип

Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է

Ադրբեջանական գերությունից հունվարի 14–ին վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանն ահազանգում է՝ Վիգենի առողջական վիճակը վատթարացել է։

«Վիգենի առողջական վիճակը շատ մտահոգիչ է, այժմ փորձում ենք բուժել նրան։ Առողջապահության նախարարությունը և «Նաիրի» բժշկական կենտրոնը հոգացել են նրա բուժման ծախսերը։ Ապրելու պայմանները, սակայն, շատ ծանր են։ Մենք որևէ սոցիալական աջակցություն չենք ստանում, մեր վիճակն ամեն օր վատթարանում է։ Մեր մի քանի ընկերներ մեզ համար բնակարան են վարձել մեկ ամսով։ Վիգենը կորցրել է իր մեքենան, այն ամենն ինչի համար աշխատել է ամբողջ կյանքում»,–NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Լինդա Էուլջեքչյանը։

Նա նշեց, որ այս ընթացքում կառավարությունից ֆինանսական որևէ աջակցություն չեն ստացել։

«Ես սպասում էի, որ կառավարությունը նրա կողքին կկանգնի, բայց ցավոք՝ ոչ ոք ոչինչ չի արել, և նրան թողել են իր ճակատագրի հետ միայնակ։ Սա իրոք ամոթ է։ Ոչ ոք չի մտածել, որ այս մարդուն այժմ անհրաժեշտ է հոգեբանական, բարոյական և ֆինանսական աջակցություն»,–հավելեց Լինդա Էուլջեքչյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Ադրբեջանը 4-ի գերի փոխանցել է Հայաստանին։ Նրանք են՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը։

News.am