Логотип

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՄԵԼ ԵՆ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԲՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Ողջ աշխարհում կան արտասովոր վայրեր, որտեղ բնության օրենքները, թվում է, թե դադարում են գործել։ Օրինակ՝ պատկերացրեք, որ մեքենան կայանում եք բլրի վրա և փոխանցման տուփը դնում չեզոք դիրքի վրա, բայց մեքենան, սպասվածի պես ներքև գլորվելու փոխարեն, սկսում է բարձրանալ վերև։ Այս մասին գրում է IFLScience-ը։

Նման տեղանքները երբեմն անվանում են գրավիտացիոն, առեղծվածային կամ մագնիսական բլուրներ։ Դրանք հանդիպում են ողջ աշխարհում, իսկ դրանց տարօրինակ ազդեցությունը բավականին զվարճալի է, հայտնում է Focus-ը։ Զբոսաշրջային ընկերությունները նույնիսկ օգտագործում են այս երևույթը զբոսաշրջիկներ ներգրավելու համար՝ առաջարկելով գիտաֆանտաստիկ կամ գերբնական բացատրություններ։ Սակայն, ըստ գիտնականների, նման վայրերում սարսափելի կամ արտասովոր ոչինչ չկա. դա ընդամենը աչքի խաբկանք է։

Հետազոտողները նշում են, որ այս տարօրինակ բլուրներն իրականում մի շարք գործոնների համակցմամբ առաջացած օպտիկական պատրանքներ են։ Առաջին և, թերևս, ամենակարևորը տեսանելի հորիզոնի բացակայությունն է։ Պարզ ասած՝ եթե հորիզոնը չի երևում կամ անհարթ է, մարդու ուղեղի համար դժվար է դառնում գնահատել ճանապարհի թեքությունը։ Սա էլ ավելի է բարդանում, եթե շրջակա տարածքը ևս թեքված է։

Հայտնի է, որ մեր հավասարակշռության զգացումը հիմնականում ապահովվում է ներքին ականջում գտնվող վեստիբուլյար համակարգով։ Սակայն մենք հենվում ենք նաև տեսողական տվյալների վրա։ Որոշ դեպքերում այդ տեսողական տեղեկատվությունը կարող է գերակայել մեր մարմնի զգացողությունների նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել լանջի թեքության սխալ գնահատմանը։

Դեռ 2003 թվականին Իտալիայի Պադուայի և Պավիայի համալսարանների թիմն ուսումնասիրել է, թե ինչպես կարող է հորիզոնը խեղաթյուրել մեր պատկերացումները՝ լաբորատորիայում վերարտադրելով այս գրավիտացիոն բլուրների էֆեկտը։

Սկզբում գիտնականները ստեղծել են աշխարհի մի քանի հայտնի գրավիտացիոն բլուրների փոքր մոդելներ, այնուհետև ներգրավել կամավորների, որպեսզի նրանք դիտեն դրանք փոքր անցքերի միջով։ Նրանք նաև հնարավորություն են ունեցել փոփոխել հորիզոնը՝ տեսնելու համար, թե դա ինչպես կազդի դիտողի վրա։

Արդյունքները ցույց են տվել, որ երբ իրական հորիզոնը տեսանելի չէր, այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են ծառերն ու ճանապարհային նշանները, կարող էին մոլորեցնել մարդկանց։ Միևնույն ժամանակ, հետազոտության մասնակիցների համար ավելի դժվար էր գնահատել թեքությունը հորիզոնական հարթության նկատմամբ։ Սա հատկապես ակնառու էր, երբ փոքր վայրէջքին նախորդում կամ հաջորդում էր ավելի կտրուկ վայրէջք։

Հետազոտողներն օգտագործել են նաև մասնագիտական գեոդեզիական գործիքներ՝ թեոդոլիտներ՝ այդ ճանապարհները մեծ հեռավորությունից ուսումնասիրելու համար։ Ինչպես և ենթադրվում էր, բոլոր այդ սարքերը ցույց են տալիս, որ լանջերն իրականում ուղղված են հակառակ կողմ, քան թվում է մարդու աչքին։

News.am