Логотип

Գյումրիի քաղաքապետի սենյակը հսկում են ոստիկանները

Գյումրու քաղաքապետ Վարան Ղուկասյանի աշխատասենյակն այս պահին էլ հսկում են ոստիկաններ։ Ինչպես փոխանցում է քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը, ոստիկանները նշել են, որ այսօր էլ իրավապահնեը գործողություններ են իրականացնելու։

ԱԱԾ աշխատակիցների երեկվա գործողությունների հետևանքով քաղաքապետարանի գույքը վնասվել է։ Կոտրել են դռան, պատուհանի ապակիները, հիմա ապակու հատվածում թիթեղ են տեղադրել ու ցելոֆոնապատել։ Չնայած դրան քաղաքապետարանն այսօր վերսկսել է բնականոն աշխատանքը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հոկտեմբերի 20–ին ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից ավտոմեքենայով շատ արագ ձերբակալել ու տարել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։

Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջև։

Վարդան Ղուկասյանի և մյուս պաշտոնատար անձանց պաշտոնավարումը կասեցվել է:

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով: