Логотип

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Կենտրոն» ՔԿՀ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21–ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Նա հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանին դեմ գործ հարուցելու հրահանգը այնքան ուժեղ է եղել, որ 21 հոգանոց քննչական խումբ են ստեղծել. «Էս պետության մեջ այնքան կոռուպցիա կա, որոնց մասին ես անընդհատ ահազանգում եմ, որով հակակոռուպցիոն կոմիտեն չի զբաղվում, ոչ մի գործընթաց, ոչ մի քննչական խումբ չի ստեղծվում, բայց էս գործով ստեղծվել է 21 հոգանոց քննչական խումբ։ Էդ ի՞նչ կոռուպցիա էին ուզում հայտնաբերեին, որը գոյություն չունի»,–ասաց նա։

Փոստանջյանի խոսքով, մեղադրանքի էությունն այն է, որ իբր Վարդան Ղուկասյանն առաջարկել է, որ իրեն կաշառք տան։

«Մեզ չեն ներկայացրել որևէ ձայնագրություն, ներկայացրել են ինչ–որ տեղերից վերցրած սեղմագրեր, որտեղ չկա այդ խոսակցությունը, որ ինձ կաշառք կտաս կամ ինձ կաշառք տուր։ Վերձրել են ինչ–որ խոսակցություններ, որը քննիչը մեկնաբանում է որպես կաշառքի գործողություն։ Դա քննիչի մեկնաբանությունն է»,– ընդգծեց փաստաբանը։

Նա նաև նշեց, որ Գյումրիի գլխավոր ճարտարապետի գործառույթների ներքո է կառուցվել ամբողջ այս, «հիմնավոր կասկածը»։

«Այս հիմնավոր կասկածի նկարագրությունն առնչվում է մի ուրիշ անձի պաշտոնավարման հետ։ Այդ անձն էլ պարզվում է Սարիկ Մինասյանն է։ Թող կողմնորոշվեն, Սարիկ Մինասյանը ճարտարապետի հետ ինչ է արել, որ ճարտարապետին մեղսագրվում են արարքներ, որոնք կատարվել են այդ ժամանակահատվածում»։

Նա նկատեց, որ քաղաքապետարանում նոր ճարտարապետ ներգրավելու հայտարարություն է եղել, այսինքն գործող ճարտարապետից դժգոհ են եղել։ «Իսկ եթե դու մարդուն ուզում ես փոխել, նրա հետ այսպիսի ապօրինի գործարքների չէիր գնա։ Նաև աշխատանքային սուբորդինացիան թույլ չէր տա, որ քաղաքապետը նրա հետ նման խոսակցություն ունենար, որը դրվեր մեղադրանքի հիմնավորման մեջ։ Ով է Վարդան Ղուկասյանը, և ով է այդ ճարտարապետը։ Պատկերացրեք, հավաքարարի հաստիքը զբաղեցնողի հետ հիմնարկի ղեկավարը ինչ–որ գործարքի մեջ մտնի, դա ծիծաղելի է»,– ասաց Փոստանջյանը։

News.am