Логотип

Գյումրու ավագանին չեղարկել է «Գյումրու օր» տոնակատարությունը. ՔՊ-ն դեմ է

Գյումրիի ավագանին սեպտեմբերի 16-ի նիստում չեղարկել է «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը։ Քաղաքապետարանից հայտնում են, որ նիստի օրակարգում ընդգրկված էր նաև տոնակատարության կազմակերպման և անցկացման հարցը։ Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը զեկուցման ժամանակ նշել է, որ միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ է 6 միլիոն դրամի հատկացում։

Քվեարկությունից առաջ առաջարկով հանդես է եկել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն՝ առաջարկելով հանել հարցը օրակարգից։ «Առաջարկում եմ հանել այս հարցը, որովհետև զգում եմ՝ տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»,-պարզաբանել է Գյումրիի քաղաքապետը։

Տոնակատարությունը չեղարկելու նախաձեռնությունը պաշտպանել է նաև «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։ Արդյունքում՝ առանց քվեարկության, հարցը հանվել է օրակարգից, և «Գյումրու օր» տոնակատարությունը պաշտոնապես չեղարկվել է։

Սակայն, հաշվի առնելով «Գյումրու օր»-ը չեղարկելու հետ կապված բազմաթիվ զանգերն ու մտահոգությունները՝ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է արտահերթ նիստ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը՝ նշելով, որ գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից։

Արտահերթ նիստի օրակարգում լինելու է «Գյումրու օր» տոնակատարության անցկացման հարցը։

News.am