Логотип

Գյումրու քաղաքապետարան․ Վարդան Ղուկասյանի զրահապատ ավտոմեքենան հետապնդվել է պարեկային ծառայության 4 ավտոմեքենայի կողմից

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի զրահապատ ավտոմեքենան այսօր հետապնդվել է պարեկային ծառայության 4 ավտոմեքենայի կողմից, երբ քաղաքապետն իր տանից ուղևորվել է աշխատանքի՝ քաղաքապետարան, հայտնել են Գյումրու քաղաքապետարանից։

Քաղաքապետարանից նշել են, որ այդ ճանապարհին խախտում անհնար է կատարել։

«Նրա տանից մինչև քաղաքապետարան հեռավորությունը 300 մետր է, քաղաքապետարան հասնելու ճանապարհը մեկն է, այլ ճանապարհ չկա։ Ուստի, ՀՀ ՆԳՆ-ի տարածած հայտարարությունը, թե մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումով, բացարձակ սուտ է»,- ասել են քաղաքապետարանից։

Հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ավագ տեսուչի կողմից քաղաքապետարանի շենքի դիմաց արված հայտարարության համաձայն՝ մեքենան պետք է տեղափոխվեր հատուկ պահպանվող տարածք՝ մեքենայի տեխնիկական փաստաթղթերի մեջ առկա թերությունների պատճառով։

«ՆԳՆ-ի հայտարարությունը վկայում է կոնկրետ Գյումրու քաղաքապետի դեմ իջեցված պատվերի, գործողությունների պլանավորված սցենարի և ուժային կառույցների միջոցով քաղաքական հաշվեհարդարի մասին»,- նշել են քաղաքապետարանից։

Ավելի վաղ ՆԳՆ-ից News.am-ին հայտնել էին, որ Ղուկասյանի մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, և ժամանակ է տրվել մյուս խախտումը վերացնելու համար։

Armenia Today