Логотип

«Գյուրջյանում ի՞նչ է կատարվում». Ավինյանը նոր հետաքրքրվում է ամեն անձևից հետո նշված փողոցում հսկա լիճ առաջանալու խնդրով

Գյուրջյան փողոցում այս գիշեր տեղացած անձրևների հետևանքով ջրի կուտակում է տեղի ունեցել, որի պատճառը նա է, որ հարակից տարածքում գտնվող լանջերից հողի և քարի զանգված է բերել հերթական անգամ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 13–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը։

«Բերում է, հենց անձրևատար ընդունիչների վրա կուտակվում է, որից հետո այդ ջրի կանգը առաջանում է։ Մասնագետները գնում, տեղում մաքրում են այդ ցանցերը, որից հետո արդեն ջուրը հեշտությամբ կլանվում է։ Հիմնական պատճառը եղել են քարերը և լանջերից եկած բերված հողը»,–ասաց նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե ի՞նչ լուծում են պատկերացնում առհասարակ. «Որովհետև մենք կարծում ենք, որ նորման այն է, որ մեկ ամսվա տեղումները կարող են մեկ օրում կամ երկու օրում գալ և այսպիսի դեպքեր ունենալու ենք։ Կոնկրետ տեղեր ունենք, որտեղ ունենք խնդիր և տեղային լուծումներ են պետք»։

Ի պատասխան Կարոյանն ասաց. «Տեղային լուծումը անպայման կգտնենք, արդեն «Վեոլիայի» մասնագետների հետդ նախնական պայմանավորվածություն ունենք, մի հատ գնանք տեղում ուսումնասիրենք, հավանաբար անձրևընդունիչ ցանցերի քանակը ավելացնենք, որպեսզի կարողանա ջրի քանակը ավելի շատ մեծ քանակությամբ կլանել»։

Ինչ վերաբերում է Երաևանի այլ հատվածներում խնդիրներին, նա ընդգծեց. «Խնդիր եղել է Սեբաստիայի հատվածում, Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքում։ Այս պահի դրությամբ Երևան քաղաքում մենք թվով 50 հեղատար հասցեների անհրաժեշտությունը արդեն գույքագրել ենք և ունենք նախագծեր, որոնցից երկուսը արդեն ֆինանսավորվել են։ Սեբաստիայի հատվածի հեղատար համակարգի կառուցման աշխատանքների համար արդեն գումար հատկացվել է, որպեսզի այդտեղ կարողանանք աշխատանքներ իրականացնել»։

Նշենք, որ Գյուրջյան փողոցի այդ հատվածում արդեն շատ երկար ժամանակ է, որ յուրաքանչյուր արձևից հետո մեծ լիճ է առաջանում, որտեղ մեքենաներ են արգելափակվում։ Երեկվա անձրևը բացառություն չէր։

News.am