«Սրբազան պայքարի» գործով անցնող գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոց տնային կալանքը չի շարունակվի։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպան Աննա Մանթաշյանի ներկայացրած միջնորդությունը՝ Մախսուդյանի նկատմամբ կիրառել վարչական հսկողություն, ինչպես նաև անփոփոխ թողնել բացակայելու արգելքն ու գրավը։
Հանրային մեղադրողները չառարկեցին ներկայացված միջնորդությանը՝ հաշվի առնելով ներկայացված բժշկական փաստաթղթերը Միհրան Մախսուդյանի առողջական վիճակի վերաբերյալ։
Մախսուդյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, այդ թվում՝ ողնաշարի հետ կապված, հնարավոր է՝ վիրահատության կարիք էլ լինի, իսկ տնային կալանքի համար կիրառվող էլեկտրոնային միջոցները խոչընդոտում են հետազոտությունների անցկացմանը։
Նոր, համակցված խափանման միջոցներն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 26-ից։
Sputnik Արմենիա
