«Մամուլի և տեղեկատվության ազատության նոր «բարձունքը» բաստիոնում»,-գրում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն ՀԿ ղեկավար, սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով AntiFake.am -ի խմբագրության խուզարկությանն ու տեխնիկայի առգրավմանը։ Նա շարունակում է.
«AntiFake.am մեդիա հարթակի տեխնիկայի առգրավումը չունի որևէ քրեադատավարական իմաստ կամ նշանակություն։
Իշխանությունները, առգրավելով հարթակի ամբողջ տեխնիկան, դիտավորյալ կերպով կազմալուծում են ընդդիմադիր և պոպուլյար մեդիա հարթակի գործունեությունը։
Ակնհայտ է, որ առգրավված տեխնիկան որևէ առնչություն կամ ապացուցողական նշանակություն չունի խուլիգանության հանցակազմով քննվող գործի հետ։
«Իմնեմինիմի» հաղորդաշարը հրապարակվում է YouTube հարթակում և հասանելի է բոլորին, իսկ ենթադրյալ հանցագործության նյութերը առկա են հրապարակված տեսանյութերում։
Հետևաբար, տեխնիկան չունի որևէ դատավարական կշիռ և չի պարունակում ապացուցման ենթակա որևէ փաստական տվյալ։ Վարույթի քննության տեսանկյունից սա բացարձակ անիմաստ գործողություն է
Ակնհայտ է, որ այս քայլի իրական նպատակը ընդդիմադիր ԶԼՄ-ի կազմալուծումն է և հանրության շրջանում լայն դիտումներ ունեցող ընդդիմադիր հաղորդաշարերի՝ օրինակ՝ «Ղազարյան ընդդեմ Ղազարյան» կամ Antifake զրույց՝ հաղորդումների փակումը։
Այսինքն, իրավապահ մարմինների միջոցով իշխանությունները փակում են ընդդիմադիր զանգվածային լրատվության միջոցը։ Սա աննախադեպ երևույթ է վերջին յոթ տարվա ընթացքում»։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձևավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։
Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։ ՊԶՄԿ-ն նաև իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ և վերապատրաստում դիտորդների»։
