Գորիսում զինված միջադեպ է եղել: Sputnik Արմենիային ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր:
«Քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հայտնեցին ՆԳՆ–ից։
Զոհերից մեկը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին վարորդն է, մյուսը՝ նրա բարեկամը, իսկ վեճը կենցաղային հողի վրա է եղել։
Գորիսի փոխքաղաքապետ Արտյոմ Աղաջանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ վիրավորում ստացած երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում, նրան տեղափոխում են Երևան։
Նռնակի պայթյունից տուժածը փորձել է կանխել միջադեպը, սակայն չի հասցրել դա անել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կոնֆլիկտը ծագել է կենցաղային հողի վրա զարմիկների միջև՝ պապական առանձնատան պատճառով։
Առուշանյանի մահացած վարորդը 3 անչափահաս երեխա ուներ։ Դեպքի պահին համայնքի ղեկավար Առուշանյանը մարզասրահում է եղել:
ՔԿ-ից էլ Sputnik Արմենիային տեղեկացրին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի (սպանության փորձը), 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:
