Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են անում արդարադատության նախարարության դիմաց՝ պնդելով, որ գերակա շահ ճանաչված իրեն տները շուկայական գնով չեն գնահատում։
«Ոչ եկել տան զննություն են արել, ոչ էլ բան։ Ինչ ուզել՝ գնահատող ֆիրման գրել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից Ռոբերտ Բաղիյանը։
Նրա խոսքով՝ այս հարցով բազմաթիվ նամակներ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տարբեր գերատեսչություններ, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանին, սակայն անարդյունք։ Բնակիչների խոսքով՝ սա ոչ թե մի քանի բնակչի ու մեկ թաղամասի, այլ տարբեր թաղամասերի բնակիչների խնդիր է։ Բոլոր այն թաղամասերում, որտեղ բնակիչների տները գերակա շահ են ճանաչվում, այս նույն մեխանիզմն է գործելու, և մարդիկ նույն խնդիրների առաջ են կանգնելու։
«Որտեղ գերակա շահ է ճանաչվում, մարդիկ ընկնում են սթրեսի մեջ, որովհետև հասկանում են, կուլտուրական լեզվով ասած՝ գնում է գույքի խլում, պաշտպանում են մեկ կամ երկու կառուցապատողի շահ, ամբողջ ապարատով անօրինականությունների վրա աչք են փակում»,- նշեց Բաղիյանը։
Ասում է՝ բնակիչ կա, որի տունը Հանրապետության հրապարակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է, սակայն փոխհատուցում տրված գումարով չեն կարողանում Երևանի ծայրամասային թաղամասում համապատասխան տուն գնալ։ Մարդիկ վտարման որոշումներ են ստանում ու չգիտեն՝ ինչ անել։
Բնակիչները հիշեցնում են՝ երբ Տիգրան Ավինյանը դեռ փոխվարչապետ էր, հայտարարեց, որ Ֆիրդուսի թաղամասում տների մեկ քառակուսին գնահատվելու է 1700-2000 ԱՄՆ դոլար, սակայն գնահատումից հետո բնակիչներին առաջարկված փոխհատուցումներով 1 քառակուսի մետրի արժեքը 1000 դոլարը չի անցել։
Հիշեցնենք, որ Ֆիրդուսի թաղամասում, որը մոտ 5 հա տարածք է, նախատեսվում է կառուցել նոր բնակելի ՝ «33-րդ» թաղամաս, որտեղ կլինեն բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ։ Հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ,- խմբ.), գլխավոր ճարտարապետը՝ Հովհաննես Մութաֆյանը։
Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:
Թաղամասի կառուցապատումը նախատեսվում էր ավարտել 2023-2024 թվականներին:
Sputnik Արմենիա
