2025 թվականն ամբողջ աշխարհի հայերի համար դարձավ վառ ձեռքբերումների տարի։ Հայաստանի և Սփյուռքի ներկայացուցիչները ռեկորդներ են գրանցել սպորտում, ստացել միջազգային հեղինակավոր մրցանակներ։ Armenia Today-ի խմբագրությունը հավաքել է 12 հայի պատմություն։ Նրանց հաջողությունները 2025 թվականին նշանակալի են ոչ միայն հայ համայնքի, այլև համաշխարհային մշակութային, գիտական և հասարակական օրակարգի համար:
1. ՌԱՖԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԿԸՆԴԳՐԿՎԻ ԱՄՆ ԳԵՂԱՍԱՀՔԻ ՓԱՌՔԻ ՍՐԱՀՈՒՄ
Հայ-ամերիկյան գեղասահքի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը 2026 թվականին կընդգրկվի ԱՄՆ Գեղասահքի փառքի սրահում: Նրա հետ այդ ճանաչումը կստանա նրա աշակերտ, 2022 թվականի Օլիմպիական չեմպիոն Նաթան Չենը։
Արարողությունը տեղի կունենա հունվարի 9-ին՝ Սենթ Լուիսում կայանալիք Prevagen 2026 գեղասահքի ԱՄՆ առաջնությունում: Տարիների ընթացքում Հարությունյանը դարձել է համաշխարհային գեղասահքի ամենաազդեցիկ մարզիչներից մեկը։ Նա պատրաստել է այնպիսի մարզիկների, ինչպիսիք են Իլյա Մալինինը, Միշել Կվանը, Սաշա Քոենը, Էշլի Վագները, Ադամ Ռիփոնը, Մրայա Բելը, Մաո Ասադան, Ջեֆրի բաթլը և Սոֆյա Սամոդելկինան։
2. ԿԱՐԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ GAULT & MILLAU-Ի ՏԱՐՎԱ ՇԵՖ ԽՈՀԱՐԱՐՆ Է, ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԵՖ-ԽՈՀԱՐԱՐ 2025 ՄՐՑԱՆԱԿԻՆ
Բելգիահայ շեֆ-խոհարար Թորոսյանը 2025 թվականին ստացել է միանգամից երկու նշանակալի միջազգային մասնագիտական ճանաչում։ Ֆրանսիական Gault&Millau գաստրոնոմիական ուղեցույցը նրան շնորհել է «Տարվա խոհարար» կոչումը՝ Բրյուսելի Bozar ռեստորանը գնահատելով 20 միավորից 17,5: Թորոսյանը The Best Chef Awards 2025 միջազգային մրցանակաբաշխության շրջանակներում ստացել է World Class կարգավիճակ։
3. ԱՆԻ ԶԱԼԻՆՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Անի Զալինյանը դարձել է Նիդերլանդների խորհրդարանի առաջին հայ պատգամավորը, հաղորդում է Dutch Journal-ը: Հոկտեմբերի 29-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Զալինյանը պատգամավորական մանդատ էր ստացել Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատում՝ դառնալով երկրի պատմության մեջ խորհրդարանի ստորին պալատի հայ համայնքի առաջին պատգամավորը: Զալինյանի թեկնածությունն առաջադրել էր GroenLinks-PvdA դաշինքը։ Նա 2022 թվականից զբաղեցնում էր Հեմսկերկ քաղաքի վետուդերի (ավագանու անդամի) պաշտոնը։
4. ԳՐԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ՝ OPERALIA-2025 ՄՐՑՈՒՅԹԻ ԴԱՓՆԵԿԻՐ
Հայ բարիտոն Գրիշա Մարտիրոսյանն ընդգրկվել է Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած Operalia-2025 միջազգային վոկալ մրցույթի հաղթողների թվում: Նա զբաղեցրել է երկրորդ տեղը և լրացուցիչ արժանացել Պլասիդո Դոմինգոյի անձնական մրցանակին: Հեղինակավոր մրցույթին այս տարի մասնակցել է 16 երկրի 32 օպերային երգիչ, ինչը հատկապես նշանակալի է դարձնում Մարտիրոսյանի հաջողությունը:
5. ԱՆՆԱ ԴԵՐՓԱՐՍԵՂՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է THE HOLLYWOOD REPORTER’S ICON AWARD-2025 ՄՐՑԱՆԱԿԻՆ
PTD Business Management ընկերության բիզնես մենեջեր Դերփարսեղյանն արժանացել է մրցանակին՝ երկարատև աշխատանքի շնորհիվ։
Դերփարսեղյանն ինդուստրիայում սկսել է աշխատել 15 տարեկանից՝ որպես գործավար, 2010-ին դարձել է PTD-ի գործընկեր, 2015-ին՝ PTD Business Management ընկերության կառավարիչ գործընկեր, որը ներկայացնում է երաժշտության, կինոյի, հեռուստատեսության և սպորտի աշխարհի մարդկանց շահերը:
6. ԲՐԱՅԱՆ ԿԱԲԱՏԵԿԸ և ՇԱՆԹ ԿԱՐՆԻԿՅԱՆԸ՝ THE DAILY JOURNAL-Ի 100 ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
2025 թվականին ամերիկահայ իրավաբաններ Բրայան Կաբատեկը և Շանթ Կարնիկյանը հայտնվել են հեղինակավոր ցուցակում, ինչն ընդգծում է նրանց բարձր պրոֆեսիոնալիզմն ու հեղինակությունը։ Կաբատեկն ու Կարնիկյանն սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հայտնի իրավաբաններ են։
The Daily Journal-ն ԱՄՆ-ում իրավաբանական նորությունների առաջատար հրատարակիչն է, որը հայտնի է փաստաբանի մասնագիտության, դատարանների և հանրային քաղաքականության վերաբերյալ իր զեկույցներով:
7. ՇՈՒՇԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՈՆՈ-ՕՊԵՐԱՆԵՐԸ ՆԵՐԱՌՎԵԼ ԵՆ «ԳՐԵՄՄԻԻ» ԼՈՆԳ-ԼԻՍՏՈՒՄ
Հայ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի ստեղծագործությունները պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացրել են «Գրեմմի» մրցանակաբաշխության մրցութային ծրագրում: Նրա Reflections և Dialogue մոնո-օպերաները ներառված են «լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգի երկար ցուցակում։ Երկու օպերան էլ կառուցված են հայկական այբուբենի տառերի համադրությունների վրա և ամբողջովին զուրկ են տեքստերից, ինչը նրանց փորձարարական է դարձնում նույնիսկ ժամանակակից ակադեմիական երաժշտության չափանիշներով: Նրանց անսովոր ձևաչափը՝ կարճ տևողությունը (16 և 14 րոպե), նույնպես դուրս է գալիս օպերային ժանրի ավանդական հասկացություններից:
8. ԱՍՏՂԻԿ ՍԻՐԱՆՈՍՅԱՆԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՊԱՐԳևԱՏՐՎԵԼ Է «ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԱԶԳԱՅԻՆ ՇՔԱՆՇԱՆՈՎ
Ֆրանսահայ թավջութակահարուհին արժանացել է «Արժանիքների համար» ազգային շքանշանի ասպետի պատվավոր կոչմանը, որը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներից է։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին՝ Փարիզի հեղինակավոր École Normale de Musique de Paris-ում:
36-ամյա արտիստուհին պարգևատրվել է երաժշտական արվեստում ունեցած նվաճումների և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար։ Լիոնում ծնված Սիրանոսյանը դարձել է իր սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Նա միջազգային մրցույթների դափնեկիր է և ելույթներ է ունեցել աշխարհի առաջատար համերգային հարթակներում, այդ թվում՝ Փարիզի ֆիլհարմոնիայում, Վիեննայի «Մուզիքֆերայնում» և Նյու Յորքի Քարնեգի հոլում:
9. ՔՐԻՍՏԻՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ASIAN PROJECT MARKET-Ի ՄՐՑԱՆԱԿԻՆ
Ամերիկահայ ռեժիսոր Քրիստինա Հարությունյանի «Սև աստղային հրեշտակ» ապագա ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի և 15 հազար դոլարի Asian Project Market 2025-ում, որը տեղի է ունեցել Բուսանում (Հարավային Կորեա)՝ Ասիայի խոշորագույն Busan International Film Festival կինոփառատոնի շրջանակում։ Ֆիլմը պատմում է կնոջ մասին, որը գնում է պատերազմ, երբ նրա կյանքն սկսում է քանդվել։
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Երուսաղեմում, Հայաստանում և Փարիզում: Նկարահանումները նախատեսված են 2027 թվականի գարնանը։ Նրա դեբյուտային «Քնից հետո» ֆիլմը, որը նվիրված է Արցախի թեմային, առաջին անգամ ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնում։
10. ՊՐՈԴՅՈՒՍԵՐ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ԷԼԻՍ ԿՂԶՈՒ» ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼԻՆ
Ամերիկահայ պրոդյուսեր և բժիշկ Իսրայելյանն արժանացել է հեղինակավոր մրցանակի՝ «Էլիս կղզու» պատվո մեդալի։ Այս մրցանակը, որը հիմնադրվել է Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի կողմից 1986 թվականին, շնորհվում է ԱՄՆ զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար, իսկ դափնեկիրների անունները պաշտոնապես գրանցվում են ԱՄՆ Կոնգրեսում։
Մեդալն ստանալիս Իսրայելյանը նշել է. «Այս մրցանակը նվիրում եմ իմ նախնիներին, ընտանիքիս, բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ իմ ճանապարհին, և նրանց, ովքեր շարունակում են տանել տոկունության, համառության, հույսի ու վճռականության ջահը»:
11. ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ՝ SAINT LOUIS RAPID & BLITZ 2025-Ի ՀԱՂԹՈՂ
Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Արոնյանը հաղթանակ է տարել Սենթ Լուիսում (ԱՄՆ) անցկացված Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 մրցաշարում։ Արոնյանն ստացել է 40 հազար դոլար մրցանակ:
12. ԿԱՐՈ ԱՅՐՈՒՄՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է DOLBY THEATRE-ՈՒՄ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱԾ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ԱՐՏԻՍՏԸ
Կարո Այրումյանը պատմության մեջ է մտել որպես ամենաերիտասարդ հայ արտիստ, ով մենահամերգով հանդես է եկել Լոս Անջելեսի հայտնի Dolby Theatre-ում, այն հարթակում, որտեղ ամեն տարի անցկացվում է «Օսկար» մրցանակաբաշխությունը: Ներկայացման պահին երաժիշտն ընդամենը 21 տարեկան էր։ Այս առիթով Այրումյանը ճանաչման պաշտոնական նամակներ է ստացել, այդ թվում՝ Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանից, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեսից և Կալիֆորնիա նահանգի Սենատից: Այրումյանը հայտնի է որպես բլոգեր, երգիչ և յութուբեր:
