Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Արկտիկական կղզին զավթելու սպառնալիքներից հետո երեքշաբթի հայտարարել է, որ ինքնավար տարածքը կնախընտրի մնալ Դանիայի կազմում, քան դառնալ Միացյալ Նահանգների մաս, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Մենք այժմ բախվում ենք աշխարհաքաղաքական ճգնաժամի, և եթե ստիպված լինենք ընտրել Միացյալ Նահանգների և Դանիայի միջև այստեղ և հիմա, կընտրենք Դանիան»,- Կոպենհագենում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։
Թրամփը տարիներ շարունակ քննարկում է Արկտիկական տարածքը գնելու կամ բռնակցման գաղափարը, իսկ կիրակի ավելի սրեց լարվածությունը՝ հայտարարելով, թե Միացյալ Նահանգները «այս կամ այն կերպ» կզավթեն այդ տարածքը։
«Մի բան պետք է բոլորի համար պարզ լինի. Գրենլանդիան չի ցանկանում պատկանել Միացյալ Նահանգներին։ Գրենլանդիան չի ցանկանում կառավարվել Միացյալ Նահանգների կողմից։ Գրենլանդիան չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների մաս»,- ընդգծել է Նիլսենը։
Նա ելույթ է ունեցել Դանիայի ղեկավար Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Վերջինս նշել է, որ դժվար է եղել դիմադրել նրան, ինչը նա անվանել է «մեր ամենամոտ դաշնակցի կողմից լիովին անընդունելի ճնշմանը»։
«Սակայն կան բազմաթիվ նշաններ, որ ամենադժվարը դեռ առջևում է»,- ասել է Ֆրեդերիկսենը։
Նա ընդգծել է, որ «անշուշտ, մենք ցանկանում ենք ամրապնդել Արկտիկայում անվտանգության համագործակցությունը Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անդամ Արկտիկական պետությունների հետ»։
Դանիայի արտգործնախարար Լարս Լոկե Ռասմուսենը և նրա գրենլանդացի գործընկեր Վիվիան Մոտցֆելդտը չորեքշաբթի Սպիտակ տանը հանդիպելու են ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
News.am
