Логотип

Գրենլանդիայում կբացվի Ֆրանսիայի հյուպատոսություն

Ֆրանսիան ուրբաթ օրը հյուպատոսություն է բացում Գրենլանդիայում: Գլխավոր հյուպատոս Ժան-Նոել Պուարիեն գտնվում է կղզու մայրաքաղաք Նուուկում, հաղորդել է Franceinfo-ն:

«Ես ժամանել եմ հստակ մանդատով՝ լսելու գրենլանդացիների կարծիքն իրենց երկրի ապագայի վերաբերյալ»,- ռադիոկայանը մեջբերել է գլխավոր հյուպատոսի խոսքերն իր կայքում:

Franceinfo-ն նշել է, որ Գրենլանդիայում հյուպատոսության բացումը տեղի է ունենում ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից դանիական ինքնավար տարածքը բռնակցելու փորձերի պատճառով:

Գրենլանդիայում գրանցված է Ֆրանսիայի ընդամենը ութ քաղաքացի, սակայն գլխավոր հյուպատոսը կունենա ընդլայնված լիազորություններ՝ կղզու հետ համագործակցել ցանկացող գիտնականներին և բիզնեսներին աջակցելու համար: Պուարիեն բացատրել է, որ իր աշխատանքը «չի սահմանափակվի հյուպատոսական գործունեությամբ»:

«Ես այստեղ եմ նաև ֆրանսիական շահերին և ֆրանսիական համագործակցությանն աջակցելու համար, որը երկար պատմություն ունի։ Եվ, իհարկե, այս տարածքում տեղի ունեցող ամեն ինչ ավելի լավ հասկանալու համար, բոլոր ոլորտներում»,- նշել է դիվանագետը։

Տեղեկացվել է, որ նա աջակցություն կցուցաբերի կղզում ներկա մի քանի զբոսաշրջային ընկերություններին, ինչպես նաև համալսարանի և հետազոտական ​​կենտրոնի ֆրանսիացի գիտնականներին, կաշխատի նաև «Գրենլանդիայի հետ երկկողմ համագործակցությամբ» տարածքի «ընդերքի հանքային ներուժի քարտեզագրման» ուղղությամբ։

Ռադիոկայանը պարզաբանել է, որ Պուարիեի առաջին առաքելությունը կլինի «գրասենյակի փնտրտուքը»։ Նա տեղում դեռևս թիմ չունի։ Նա այսօր կեսօրին կհանդիպի Գրենլանդիայի վարչապետի, իսկ ուրբաթ երեկոյան՝ ֆրանսիական համայնքի հետ։ Նախատեսված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի այցը կղզի, սակայն օրը դեռևս որոշված ​​չէ։

News.am