«Տեղեկացել ենք, որ բուժաշխատողների խուլ բողոքը ձևավորվել է այն բանի հետևանքով, որ փաստացի առողջապահության նախարարությունը փաստացի կիրառելով իր վարչական լծակները պարտադրում է տնօրեններին շանտաժի ու տեռորի ենթարկել այն բուժաշխատողներին, որոնք որևէ տեսակի ձայն իկբարձրացնեն»,-Ազգային ժողովում անցկացվող քննարկման ժամանակ ասաց պրակտիկ բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։
Նշենք, որ այս քննարկումը կազմակերպվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի նախաձեռնությամբ՝ Բժշկի ձայնը նախաձեռնող խմբի դիմումի հիման վրա։ Այն նվիրված է առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրներին և դրա ներդրման շուրջ մասնագիտական մտահոգություններին։
Նրա խոսքով, կա դեպք, երբ մեկնաբանություն գրելու հետևանքով բուժաշխատողին ազատել են աշխատանքից։
«Այսօր առավոտյան ստացել եմ դիմում բողոք, որ անզգայացում կատարող բժիշկը վճարված գումարից ստանում է 4.7 տոկոս։ Ստանում ենք բողոքներ ԲԿ-ների տնօրենների ճնշումների վերաբերյալ։ Շատ ուժեղ ցավ եմ ապրում, որ առողջապահության նախարարությունից, աշխատանքի ու սոցիալական հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովից մարդ չի ներակայացել։ Ես տեսնում եմ, որ այստեղ ներկա են «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավոր, չկա պատգամավոր Քաղաքացիական պայմանագրից։ Ես համարում եմ, որ Առողջապահության նախարարությունը կայացրել է քաղաքական որոշում, չգալ ու չմասնակցել քննարկմանը, որպեսզի չառերեսվի խնդիրների հետ, ԱՆ-ն քաղաքականացնում է բուժաշխատողների աշխատանքային պայմանների վերաբերյալ բողոքները»,-ասաց Գ. Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ բուժաշխատողներն աշխատում են ծանրաբեռնված, նրանց շահագործում են առանց պատշաճ վարձատրելու։ Բժշկի գնահատմամբ, եթե առկա խնդիրներն օր առաջ շուտ չլուծվեն, ապա տուժողը լինելու են և բուժաշխատողները, և հիվանդները։
Panorama.am
