Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Alpha News-ի եթերում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին» և Դավոսում տեղի ունեցած աշխարհաքաղաքական զարգացումները։
Բալասանյանի համոզմամբ՝ Հայաստանի անդամակցությունը նմանատիպ կառույցներին ավելի շատ «ցուցադրական» բնույթ է կրում, քան իրական անվտանգային երաշխիքներ է տալիս։
Անդրադառնալով Թրամփի կողմից ՄԱԿ-ին այլընտրանք համարվող «Խաղաղության խորհրդին» միանալու հեռանկարին՝ միջազգայնագետ նկատել է, որ Հայաստանը շտապում է մաս կազմել դաշինքների, որոնք կարող են լարել հարաբերություններն այլ գերտերությունների հետ։
«Հայաստանը շտապեց միանալ նաև «Կրոնական ազատությունների միջազգային ալյանսին», ինչն, ըստ էության, մեզ ոչինչ չտվեց, բայց լարեց հարաբերությունները Չինաստանի հետ։ Հիմա էլ՝ Խաղաղության խորհուրդը»,- նշել է միջազգայնագետը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները նման առիթները բաց չեն թողնում՝ փորձելով ցույց տալ, թե, իբր, դիվերսիֆիկացնում են անվտանգությունը։
Խոսելով Հայաստանի եվրաինտեգրման ձգտումների մասին՝ Բալասանյանը նշել է, որ Փաշինյանի կառավարությունը չունի հստակ սկզբունքներ և կարող է կտրուկ փոխել վեկտորը։
«Երբեք ոչ ոք լուրջ չի ընդունել, որ Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ։ Փաշինյանն ինքն էլ ասում է՝ կինտեգրվենք այնքան, որքան բավարար կհամարենք։ Չեմ բացառում, որ մի օր էլ հայտարարի, թե այդ «դժգույն» ԵՄ-ում անելիք չունենք»,- նկատել է միջազգայնագետը։
Բալասանյանն անդրադարձել է նաև Դավոսում ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքների հարցը։ Ըստ նրա՝ Փաշինյանի հետ հանդիպման բացակայությունը պատահական չէ։ «Հայաստանի հետ պարզապես քննարկելու թեմա չկար»,- հավելել է նա։
