Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) պնդում է, որ հասանելիություն ստանա Իրանի միջուկային օբյեկտներին՝ ստուգելու համար Թեհրանի հայտարարություններն այն մասին, թե այնտեղ անվտանգ չէ և հնարավոր չէ մուտք գործել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
«Նախևառաջ, Իրանը շատ ավելին ունի, քան այդ երեք օբյեկտները։ Այդ երեք օբյեկտները շատ կարևոր են ուրանի վերամշակման, կոնվերսիայի և հարստացման տեսանկյունից։ Սակայն Իրանի միջուկային ծրագիրը դրանով չի սահմանափակվում։ Իրանն ունի շատ զարգացած միջուկային ծրագիր՝ հզոր գիտահետազոտական բաղադրիչով և երկրի տարածքում գտնվող բազմաթիվ այլ օբյեկտներով։
Կա նաև ատոմային էլեկտրակայան՝ «Բուշերը», ինչպես նաև նորերը կառուցելու պլաններ, այդ թվում, եթե չեմ սխալվում, Ռուսաստանի հետ համատեղ ծրագրով։ Հետևաբար, աշխատանքը շարունակվում է այս բոլոր ուղղություններով»,- ասել է նա՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես է Գործակալությունը պլանավորում հիմնավորել իր հետագա ներկայությունը Իրանում և տեսչական ստուգումների անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, թե իրանական բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացված են։
Գրոսսին նշել է, որ ըստ Առևտրի չտարածման մասին պայմանագրի և Համապարփակ անվտանգության մասին համաձայնագրի, Իրանը պարտավոր է ապահովել այդ օբյեկտների հասանելիությունը։
«Սա, ըստ էության, մեր երկխոսության մի մասն է: Որովհետև նրանք ասում են. «Այնտեղ անվտանգ չէ, այնտեղ հնարավոր չէ մուտք գործել»: Բայց այդ դեպքում դուք պետք է թույլ տաք տեսուչներին, որպեսզի նրանք հաստատեն, որ այնտեղ իսկապես անհնար է հասնել: Հենց այսպիսի երկխոսություն ենք մենք հիմա վարում և ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի որոշակի առաջընթացի հասնել»,- եզրափակել է ԱԷՄԳ-ի ղեկավարը:
News.am
