ՀՀ վարչապետ Փաշինյանի և 10 եպիսկոպոսների ստորագրած հայտարարությունը և դրան հաջորդած քայլերը զուտ քաղաքական ակցիաներ են և եկեղեցու բարենորոգման հետ որևէ առնչություն չունեն. Sputnik Արմենիային ասել է արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը` իր տեսակետը հիմնավորելով ՀՀ օրենսդրությամբ։
Ինչպես հայտնի է, հունվարի 4-ի երեկոյան ՀՀ վարչապետի կեցավայրում Փաշինյանն ու վեհափառի դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսները ստորագրեցին Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին հայտարարություն, որն ըստ վարչապետի՝ 5 քայլերից բաղկացած «ճանապարհային քարտեզ» է։ Հատկանշական է, որ հայտարարության տեքստի տակ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որպես ՀՀ վարչապետ, ինչը փաստում է հրապարակված փաստաթղթի լուսանկարը։ Մինչդեռ մինչ այժմ Փաշինյանը պնդում էր, թե կաթողիկոսի դեմ պայքարը տանում է բացառապես որպես եկեղեցու հետևորդ։
Անդրադառնալով պաշտոնատար անձի կողմից Հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելու խնդրին` Գևորգ Դանիելյանն արձանագրում է, որ պաշտոնատար անձանց պարագայում ՀՀ Սահմանադրությունը դա արգելում է։
Մասնավոր անձանց պարագայում ազատությունն ավելի մեծ է. Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր մարդ ազատ է անելու այն ամենը, ինչ արգելված չէ օրենքով կամ Սահմանադրությամբ և չի խաթարում այլոց իրավունքներն ու ազատությունները։
Գևորգ Դանիելյանը նաև արձանագրում է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված անձի խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը, այդ թվում` կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելու համար։ Իսկ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ եթե նույն արարքը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, դա արդեն դիտում է որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք։ Այլ կերպ ասած, այս հոդվածը վերաբերում է և՛ մասնավոր անձանց, և՛ պաշտոնյաների, բայց պաշտոնյաների դեպքում պատասխանատությունն ավելի ծանր է։
«Պատկերացրեք` որևէ կրոնական կազմակերպություն եք այցելում, որտեղ իրենք ծես են անցկացնում, և ասում եք. «Գիտե՞ք ինչ կա, ես համամիտ եմ ձեր կողմից դավանվող կրոնին, ես ինքս նաև դրա հետևորդն եմ, հավատացյալ եմ, բայց ես գտնում եմ, որ դուք մի փոքր պետք է փոխեք ձեր կանոնները, ինչ-որ անուններ պետք է զեղչեք, սա պետք է անեք, նա պետք է անեք, ես սա եմ պահանջում, որովհետև ես շարքային հավատացյալ եմ»։ Սա անմիջապես կդիտարկվի որպես խոչընդոտ։ Պետք է ճիշտ հասկանալ՝ ազատ գործելու իրավունքը չի ենթադրում, որ ուղղակի կարող եք գործել այնպես, ինչպես ձեր հայեցողությունն է ձեզ թելադրում։ Պետք է հաշվի առենք, որ ձեր արարքը չպետք է հանգեցնի այլոց իրավունքների, ազատությունների խոչընդոտմանը»,– ասում է Դանիելյանը։
Ինչ վերաբերում է վարչապետի և 10 բարձրաստիճան հոգևորականների ստորագրած հայտարարությանը, նախկին նախարարը հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածով ամրագրված է, որ ՀՀ–ում երաշխավորված է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։
«Այսինքն՝ եթե պետությունը ունի անելիք կրոնական կազմակերպությունների առնչությամբ, ապա այդ անելիքը լոկ այդ կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը երաշխավորելն է, ոչ թե միջամտելը։ Նույն հոդվածի 2-րդ մասում ամրագրված է, որ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Այո՛, պետությունը որևէ կերպ չի կարող միջամտել, և եթե կա փոխհարաբերության շրջանակներ, դրանք օրենսդրությամբ հստակ ամրագրված են, և դրանցում դուք որևէ տեղ չեք հանդիպի, որ կարող է ստեղծվել խորհուրդ` առանձին աշխարհիկ անձանց, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, հոգևորականների մասնակցությամբ և այլն»,– պարզաբանում է Դանիելյանը` հավելելով, որ Մայր օրենքի 18-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման, ազգային ինքնության պահպանման գործում։
«Պարզ է, չէ՞, որ պետք է լինի համագործակցություն այս ոլորտներում, բայց ոչ երբեք միմյանց գործերին միջամտելու կտրվածքով։ Դա արդեն արգելված է։ Բայց պետությունը, ցավոք, այսօր չի ներգրավվում եկեղեցու, այս արժեքների, ժողովրդի հոգևոր կյանքի, ազգային մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում։ Մինչդեռ եկեղեցին կարող է հզոր հենարան լինել պետության համար, եթե պետությունը, իհարկե, կառուցի քաղաքականությունը հենց այս արժեքների պահպանման ուղղությամբ»,– նշում է Գևորգ Դանիելյանը։
Մասնագետը նաև հիշեցնում է Սահմանադրության 19-րդ հոդվածի մասին, որտեղ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը և հայապահպանման ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը։ Այս լիազորությունը ևս առանց Հայ Առաքելական եկեղեցու և սփյուռքում գործող թեմերի ու հոգևոր կառույցների հետ համագործակցության նախկին նախարարն անհնար է համարում` հաշվի առնելով դիվանագիտական կառույցների սահմանափակ ներուժը։
«Այն, ինչ տեղի է ունենում, միայն եկեղեցու գործունեությունը չէ, որ խաթարում է։ Խաթարում է ամբողջ սահմանադրական կարգը՝ պետության գործունեությունը, մարդկանց ազատության, նաև` խղճի ազատության իրավունքը։ Որովհետև մենք միայն կառույցների տեսանկյունից ենք դիտարկում, և երբեմն անտեսում ենք, օրինակ, հավատացյալներին, որոնք դարեր շարունակ գիտեն ինչպիսին է եկեղեցական ծիսակարգը, հավատ ունեն այդ կարգի նկատմամբ, փորձում են իրենց այդ իրավունքն իրացնել և ամեն անգամ հանդիպում են խոչընդոտների։ Ընդ որում, այնպիսի խոչընդոտների, որոնք ուղղակի չեն կարող հաղթահարել, որովհետև, ցավոք, այդ խոչընդոտների «ցեմենտմանը» մասնակցում են նաև իրավապահ մարմինները»,– արձանագրում է մեր զրուցակիցը` եզրակացնելով, որ պետական մակարդակով ՀԱԵ–ի դեմ կատարվող քայլերը խաթարում են ոչ միայն եկեղեցու բնականոն գործունեությունը, այլև ընդհանրապես երկրում գործող սահմանադրական կարգը։
