Տեղի է ունեցել հետևյալը. կոնկրետ ուժային կառույցները ներգործություն են ցուցաբերում անգամ քահանաների և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ. սա ինձ համար ամենակարևոր արձանագրումն է, որ պիտի անենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, որ կաթողիկոսն այլևս չունի իշխանություն և չի կարողանում եպիսկոպոսաց ժողով գումարել, դրա համար էլ այն հետաձգվել է։
«Վաղը ի՞նչ իրենք կասեն, ինձ հետաքրքիր չի իրենց ասածը, ինձ հետաքրքիր են փաստերը, իսկ փաստերը ցույց են տալիս, որ կոնկրետ ուժային կառույցների մեթոդով ներգործություն է տեղի ունենում եկեղեցու ներքին գործերին։ Էն մնացածը եկեղեցու ներքին գործերն է։
Այն, որ եպիսկոպոսաց ժողով հնարավոր չի լինում գումարել, դա նշանակում է, որ իշխանությունը վերազանցել է իր բոլոր լիազորությունները, անբացատրելի և աննկարագրելի ճնշումների է ենթարկվում Մայր աթոռ սուրբ էջմիածինը։ Ենթադրում եմ, որ անգամ օկուպացիայի ժամանակահատվածում, բոլշևիկյան ժամանակ հատվածում և դրանից առաջ, ինչպես նաև թուրքական օկուպացիայի ժամանակ այս կարգի ճնշումներ և այս կարգի անբարոյականություն երբեք տեղի չունեցել։ Ես չեմ հիշում մի դեպք, երբ որ Սրբազանին, ուրեմն, կալանավորեն, տանեն, դրանից հետո մուտք գործեն եկեղեցի և զբաղվեն պղծությամբ»։
Անդրադառնալով տեղեկություններին, որ Արշակ Սրբազանին կալանավորելուց հետո արդեն ճանապարհը բացվել է, և Վեհափառին հնարավոր է կալանավորեն, որ հնարավոր է մինչև նոր տարի ուզում են Վեհափառից ազատվել, Դանիելյանն ասաց. «Ես երբեք ինձ ինձ դուրս չեմ դրել այդ պրոցեսներից։ Ես գործով էլ եմ ցույց տվել, որ պատրաստ եմ պաշտպանելու մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Ես նաև պատրաստ եմ այդ անձնազոհության,թող ամպագորգորդ չհնչի, և ես համոզված եմ, որ իմ նման շատ ու շատ մարդիկ կան, որոնք պատրաստ են, թեկուզ իրենց կյանքի գնով պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»։
Հարցին՝ ո՞րն է լինելու ընդդիմության անելիքը այդ ժամանակ, գառնիկ Դանիելյանը պատասխանեց. «Եթե բանը հասնի նրան, որ սկսի այդ արշավը եկեղեցու դեմ, գնան և փորձեն ուժով գրավել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մենք պիտի կարողանանք բոլոր օրինական մեթոդներով, թեկուզ մեր կյանքի գնով, եթե պետք է մեր վրայով թող անցնեն, և այդ առումով մենք պատրաստակամ ենք։ Մենք երբեք մեր ծրագրերից չենք շեղվել։ Սա նեղ անձնական, կուսակցական խնդիր չէ։ Այն մարդիկ, որոնք, որ իրենց համարում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, պիտի գետնի վրա կարողանան այդ պաշտպանությունը կազմակերպել։ Եթե այդ մարդկանց 10%-ը, կամ անգամ 5%-ը պատրաստ լինի պաշտպանության, մենք կկարողանանք պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Իսկ եթե բոլորս խոսենք, ստատուսներ գրենք և գետնի վրա մեր աջակցությունը չդրսևորենք, իհարկե ինքը իր նպատակներին հասնելու է»։
News.am
