Վերին Լարսի անցակետից գյուղմթերքով` սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաներ հետ են վերադառնում, հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ բեռնափոխադրողներին չի տրվում հստակ պատճառաբանություն, խոսվում է բուսասանիտարիայի հետ կապված ինչ-որ խնդիրների մասին:
Նա շեշտել է, որ խնդիրը միայն տնտեսական չէ, ունի քաղաքական ենթատեքստ։ Դանիելյանի տեղեկություններով՝ այլ ապրանքներով բեռնված բեռնատարներ ևս ենթարկվում են մանրակրկիտ զննման։ Մասնավորապես, խնդիրների են բախվում շինանյութ փոխադրող մեքենաները, ինչն աննախադեպ է այս ոլորտի պարագայում:
«Բազմաթիվ բեռնատարներ անորոշության մեջ դեռևս սպասում են որոշման: Ինչպես միշտ, պատկան մարմինների կողմից չկա համապատասխան արձագանք, գործողություններ»,- գրել է պատգամավորը:
Հուլիսի սկզբներից խնդիրներ էին առաջացել Հայաստանից ՌԴ արտահանվող ծաղկի հետ կապված։ «Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 3-ին հայտնել էր, որ Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ ավելի հաճախ են հայտնաբերում «ԵԱՏՄ երկրների համար վտանգավոր» արտադրանք, որը ենթակա է կարանտինային վերահսկման։ ՌԴ-ի կիրառած սահմանափակումները դժգոհություն էին առաջացրել ծաղիկների արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ, որոնք հուլիսի 9-ին և հուլիսի 14-ին բողոքի ակցիաներ էին անցկացրել՝ պահանջելով խնդրին լուծում տալ։
Ծաղկեգործներից մեկը նաև հայտարարել էր, որ հայկականի անվան տակ թուրքական ու պարսական ծագման ծաղիկներ են արտահանվել ՌԴ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հերքել էր տարածվող լուրերը, թե ծաղիկ արտահանող տնտեսվարողներն այլ երկրներից ծաղիկներ են ներմուծում Հայաստան ու դրանք վերաարտահանում Ռուսաստան։
Armenia Today