Логотип

Դավիթ ԱՆԱՆՅԱՆ․ Ո՞Վ Է ՈՐՈՇԵԼՈՒ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔԻ ԱՊԱԳԱՆ՝ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ, ԹԵ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

Հայաստանյան քաղաքական կյանքում երեկ տեղի ունեցավ վտանգավոր նախադեպ: Նիկոլ Փաշինյանը փակ դռների հետևում հանդիպեց այն եպիսկոպոսների խմբին, որոնք նախօրեին հրապարակային հարված էին հասցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ Նա, մասնավորապես, նշել է.

«Հանդիպեց՝ շնորհակալություն հայտնելով «սկզբունքայնության» համար։

Բայց իրականությունը շատ ավելի խորը և անհանգստացնող է։

Երբ պետության ղեկավարը շրջանցում է Կաթողիկոսին և առանձնահատուկ ելք է որոնում Եպիսկոպոսաց դասի ընտրովի խմբի հետ, դա այլևս «քննարկում» չէ։ Դա փորձ է ներխուժելու Եկեղեցու ինքնավար դաշտ, վերաձևելու ներսում ձևավորված հավասարակշռությունները և իշխանական լոյալությամբ պայմանավորելու եկեղեցական կյանքը։

Այս ամենը տեղի է ունենում այն պահին, երբ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, թե «Հայաստանյայց Եկեղեցին այսօր կաթողիկոս չունի»։ Հիմա այդ նույն ուղերձը վերածվում է գործողության՝ փակ սրահներում «ընտրյալների» հետ հանդիպումներով։

Սա այլևս միայն եկեղեցու ճգնաժամը չէ։ Սա պետություն–եկեղեցի հարաբերությունների վտանգավոր շրջադարձ է, որտեղ քաղաքական շահը փորձում է գերակայել հոգևոր ինքնության նկատմամբ։

Եվ եթե այս ուղին չկասեցվի, մենք կարող ենք կանգնել ոչ միայն ինստիտուցիոնալ քայքայման, այլև հասարակական նոր բևեռացման առաջ՝ հավատքի դաշտի քաղաքականացմամբ։

Հարցն այլևս պարզ է․ ո՞վ է որոշելու մեր հոգևոր կյանքի ապագան՝ ժողովուրդն ու եկեղեցի՞ն, թե՞ իշխանության տակտիկական հաշվարկները»։

News.am