Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 3-ին հրամանագիր է ստորագրել, որով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի ԲԴԽ-67-Ո-129 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-նշվում է հրամանագրում:
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին, ինչի դեմ դատախազները բողոք էին ներկայացրել։
Դատավոր Գրիգորյանի որոշումներին հաջորդեց գործադիր իշխանության կողմից աննախադեպ ճնշումը դատարանների նկատմամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շրջափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը, դատավորի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդման իրականացումը, որը թե՛ Առաջին ատյանի դատարանի, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ապօրինի է արձանագրվել, գործը՝ կարճվել։ Վճռաբեկ դատարանը, սակայն, բեկանել է որոշումները և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Գոռ Վարդանյանը, ոը մեղադրվում էր իբրև օժանդակության մեջ։
Գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվել է դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ։ Վերջինս 2025թ․ հունվարի 22-ին արդարացման վճիռ է կայացրել՝ ճանաչելով և հռչակելով Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի անմեղությունը։
News.am