«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ժամանակավոր կառավարչի պաշտոնում Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո ՀԷՑ-ից 58 աշխատակցի են հեռացրել, Armenia Today-ին հայտնեց ընկերության գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նրա խոսքով՝ այդ ազատումներից վերջինը տեղի էր ունեցել փետրվարի 1-ին, ինչը, ըստ նրա, խոսում է այն մասին, որ ազատումների գործընթացը շարունակվում է։
Պետրոսյանը 2025 թվականի հուլիսի 18-ին էր նշանակվել ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Օգոստոսին մամուլը գրել էր, որ Պետրոսյանը ոչ միայն ՀԷՑ մասնաճյուղերի ղեկավարներին է փոխում և յուրայիններին նշանակում, այլև «սպառնում է շարքային աշխատակիցներին՝ կա՛մ մտնել «Քաղաքացիական պայմանագիր», կա՛մ ազատվել աշխատանքից»։
Մամուլն այնուհետև գրել էր, որ Պետրոսյանն աշխատանքից ազատում է այն աշխատակիցներին, որոնք որևէ անձնական կապ ունեն Ղազինյանի հետ: Ղազինյանն օգոստոսի վերջին հայտարարել էր, որ այդ պաշտոնում Պետրոսյանի նշանակումից հետո ՀԷՑ-ից 45-50 աշխատակցի են հեռացրել։
Ընկերությունը պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանին, որը ձերբակալվել էր եկեղեցուն աջակցող հայտարարությունից հետո:
