Логотип

Դավիթ Մինասյանի կալանքի մասին իմանալուց հետո մոր ինքնազգացողությունը վատացավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի մասին իմանալուց հետո մոր` Գայանե Մինասյանի ինքնազգացողությունը վատացավ։ Նրա համար շտապօգնություն ժամանեց, բայց կինը հրաժարվեց բուժօգնությունից։

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց 2 ամսով կալանավորել 18-ամյա երիտասարդին։ Պաշտպանի խոսքով՝ նրան տեղափոխելու են «Արմավիր» ՔԿՀ։

«Դավիթը մշտապես ունի բուժօգնության կարիք։ ՁՊՎ-ում վատացել էր, առաջարկել էին հոսպիտալացնել, հոսպիտալացումից էր հրաժարվել։ Իսկ հիմա չգիտեմ։ Միակ հարցը, որ Դավիթն ինձ տվել է՝ ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալո՞ւ եմ, որի պատասխանը ես չունեմ և ակնկալում եմ և՛ դատարանից, և՛ քննչական մարմիններից և՛ ընդհանրապես այս հասարակության որոշ ներկայացուցիչներից, որ այս երեխաների ճակատագրի խեղման գործում մասնակցություն ունեցան»,- հուզված ասաց պաշտպան Էլբակյանը։

Ավելի վաղ Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը՝ Գայանեն, բաց նամակ էր հղել դատարանին՝ խնդրելով թույլ տալ, որ որդին հիմնական դատալսումներին սպասելու հնարավորություն ունենա տանը, քանի որ նա 4 տարեկանից առողջական խնդիրներ ունի և ամենօրյա ռեժիմով մոր խնամքի տակ է։

«Իմ երեխեքն ամեն կիրակի պատարագի են մասնակցում, կարմիր դիպլոմով ավարտել են միջնակարգ դպրոցը, պարապում են, որ բուհ ընդունվեն։ Ես 4 տարեկանից սկսած՝ հոգ եմ տանում իրենց առողջության մասին, տարբեր խնդիրներ ունեն։ Ես խնդրում եմ, որ անաչառ քննություն արվի, բայց ինձ՝ որպես մայր, հնարավորություն տրվի երեխայիս առողջության մասին հոգ տանել տանը, մինչև դատարանն իր քննությունն անի, չվտանգվի հանկարծ երեխայիս առողջությունը, կյանքը»,- ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր մայրը։

Sputnik Արմենիա