Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանները բողոքարկել են նրան 2 ամսով կալանավորելու` առաջին ատյանի դատարանի որոշումը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
«Բողոքարկումն արդեն մուտք է եղել վերաքննիչ դատարան։ Սակայն պարզ չէ, թե երբ կլինի պատասխան»,– ասաց նա։
Դավիթ Մինասյանի ծնողները միայն կարողացել են բժշկական փաստաթղթերը փոխանցել ՔԿ–ի աշխատակիցներին և բացատրել, թե ինչ սննդակարգով նա պետք է սնվի ինքնազգացողության վատացման դեպքում։
«Դավիթի հետ շատ խիստ սահմանափակված են տեսակցությունները` անգամ պատգամավորների հետ»,– նշեց Վարդուհի Էլբակյանը։
Փաստաբանը հայտնեց նաև, որ Դավիթին կարողացել է տեսնել միայն փաստաբան Արմեն Մելքոնյանը, որը փոխանցել է, որ տղայի ինքնազգացողությունը մի քիչ կարգավորվել է։
