Логотип

Դատախազը միջնորդեց երկարացնել Մկտիչ սրբազանի կալանքի ժամկետը

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով առաջին դատական նիստում հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանը միջնորդություն ներկայացրեց սրբազանի կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու մասին։

«Մեղադրյալը, ազատության մեջ մնալու դեպքում, հնարավոր է` չկատարի Քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները։ Սույն փուլում ևս մեղադրյալի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը բարձր է»,– ասաց դատախազը։

Առաջին դատական նիստին, որպես տուժող, ներկա էին Արագածոտնի թեմի կարգալույծ քահանաներ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (տեր Թադե), որոնք էլ հայց են ներկայացրել բարձրաստիճան հոգևորականի դեմ։

Նրանք պաշտպանեցին դատախազի միջնորդությունը։ Սակայն ուշագրավ էր, որ կարգալույծ եղած քահանաները մի քանի անգամ շփոթվեցին նիստը նախագահող դատավոր Դավիթ Դաբաղյանի այն հարցից, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել ենթադրյալ հանցանքը։

Մկրտիչ Սրբազանի փաստաբանական խմբի անդամ Ռոման Ահարոնյանը շեշտեց, թե կալանքի որոշումը դատարանից կորզվել է խաբեությամբ։

«Արձանագրել էին, որ գործն ապացուցման փուլում է, բազմաթիվ վկաներ կան, որոնց պետք է հարցաքննեն, և կալանքը պայմանավորված է եղել հենց դրանով։ Սակայն մենք տեսնում ենք, որ կալանքից 9 օր հետո գործն արդեն փակվել ու ուղարկվել է դատարան։ Ոչ մի քննչական գործողություն չի կատարվել, ոչ մի վկայի հարցաքննություն տեղի չի ունեցել, այլ կատարվել է ընդամենը մեկ փաստաթղթի զննում, այսինքն՝ կաբինետային զննում»,– ասաց Ահարոնյանը։

Սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը դատարանին հիշեցրեց, որ մեղադրյալների նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց է կիրառված, հետևաբար իր պաշտպանյալը չի կարող խոչընդոտել գործին։

«Դուք պետք է տեսնեք, թե առերեսումներին ինչ շքախմբով են գալիս, այսինքն՝ ոստիկանական այն խումբը, որ կա, նույնիսկ իրենց գործընկերներին թույլ չի տալիս, որ մոտենան նրանց, էլ ուր մնաց, որ սրբազանը հայտնվի ազատության մեջ ու փորձի մոտենալ։ Եթե պիտի խոչընդոտի, որպես վերադաս, ապա տուժողները նույնիսկ չեն կատարում Ամենայն հայոց կաթողիկոսի հրահանգը՝ իրավական փաստաթուղթը, պիտի սրբազանի՞ց ճնշվեն»,– ասաց փաստաբանը:

Փաստաբան Արա Զոհրաբյան էլ նկատեց, որ տուժողներն արդեն կարգալույծ եղած քահանաներ են, հետևաբար Մկրտիչ սրբազանն ի պաշտոնե նրանց այլևս ոչինչ չի կարող ասել։

«Այս գործով մեղադրանքի կողմը չի ներկայացրել վկաներ։ Չկա վկա, բա ի՞նչ եղան վկաները։ Ամբողջ մեղադրանքի կողմն ասում է` վկաների հարցաքննություն պետք է լինի, ու կալանավորում են սրբազանին, բայց հիմա չկան վկաներ»,– շեշտեց Արա Զոհրաբյանը։

Պաշտպանները հավելեցին, որ Մկրտիչ Սրբազանի գործով առավելագույնը պետք է լինի այլընտրանքային խափանման միջոց, ոչ թե կալանք։

Նշենք, որ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանը նույնպես դատարանում է, այս պահին գործը քննվում է մեկ վարույթով։

Sputnik Արմենիա