Գլխավոր դատախազությունը կբողոքարկի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը վերացնելու և 300 մլն դրամ գրավ կիրառելու դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը կալանավորվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին, իսկ հոկտեմբերին կալանքը երկարաձգվել էր մեկ ամսով։ Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ նա բանտից տեղափոխվել է տուն և տնային կալանքի տակ է։
Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ, մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018 թվականին քննություն է իրականացվել, և վարույթը կարճվել էր։
Վարդան Հարությունյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ կալանքի ակնհայտ անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է և օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան։
News.am
