Логотип

Դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմում է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի դեմ

Դատախազությունը սեպտեմբերի 22-ին ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, նրա ընտանիքի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ հայցադիմումն ընդդեմ Գագիկ, Ջավահիր, Նվեր, Հովհաննես, Կոլիկ, Ռոզա Ծառուկյանների, Սեդրակ Առուստամյանի, Վարդիթեր Խաչատրյանի, Արփի Ավետիսյանի, Տիգրան, Արմինե Մանուկյանների, Ռոբերտ Մկրտչյանի է։

Գործով որպես երրորդ անձ ներգրավված են մի շարք ընկերություններ, որոնք կապվում են Ծառուկյանի հետ։ Մասնավորապես, որպես երրորդ անձ ներգրավված են «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ-ն, «Զվարթնոց Հենդլինգ», «Շուստով առևտրի տուն» ՓԲԸ-ները, «Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ն, «Օնիրա Քլաբ», «Մուլտի ավտոտրանս», «Գլոբալ Մոթորս», «Արմբետոն», «Մուլտի Մոթորս», Մեգամոթորս»,«Մուլտի Սիս», «Մուլտի Ուելնես կենտրոն»,«Մուլտի Ագրովեյ», «Արտբեն» ՍՊԸ-ները։

Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Լիլի Դրմեյանին։ Այս դատավորի վարույթում 2023 թվականից քննվում է Ծառուկյանի, ընտանիքի և նրան փոխկապակցված նույն անձանց վերաբերյալ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում։

Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 18-ին հայտարարել է, որ մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։

News.am