Логотип

Դատախազություն․ Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվի

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Դատախազը 2026 թվականի մարտի 23-ին որոշում է կայացրել Ա.Օ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին»,– նշեցին դատախազությունից։

Հիշեցնենք` մարտի 17-ին Արմինե Օհանյանին քննչական կոմիտե էին հրավիրել վկայի կարգավիճակով։

Քրեական վարույթ էր նախաձեռնվել ՔO 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը` հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):