Логотип

«Դատավարություն» Բաքվում. դատախազը Կարեն Ավանեսյանի համար 18 տարվա ազատազրկում է պահանջում

Ադրբեջանում շարունակվում է 2023 թվականին բռնի տեղահանությունից հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկի` Կարեն Ավանեսյանի «դատավարությունը»:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նիստը տեղի է ունեցել «Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Իլքին Իբիշովի նախագահությամբ»:

Արցախահային մեղադրում են «ահաբեկչության և առանձնապես ծանր այլ հանցագործությունների» մեջ։

Նշվում է, որ Ավանեսյանը «ցուցմունք» է տվել։ Այնուհետև լսվել են այսպես կոչված «վկաների» ցուցմունքները։

Դրանից հետո ելույթ է ունեցել պետական մեղադրողը։ Նա պահանջել է Ավանեսյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման։

Հաջորդ «դատական նիստը» կանցկացվի դեկտեմբերի 25-ին:

Հիշեցնենք, որ Կարեն Ավանեսյանը 2023 թվականին արցախցիների բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկն էր։

2025 թվականի սեպտեմբերի կեսերին ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով ՆԳՆ–ին, հայտնեցին, որ «ահաբեկչական հարձակման փորձ է կանխվել»։ Նրանց վարկածով՝ Ավանեսյանը ձերբակալության ժամանակ իբր երեք նռնակ է նետել և ինքնաձիգից կրակ բացել ոստիկանների ուղղությամբ, վիրավորել նրանցից մեկին, ինքն էլ է վիրավորվել։ Որպես «ապացույց» կադրեր էին հրապարակվել, որոնցում միայն երևում էր, թե ինչպես է տղամարդը պայուսակն ուսին շրջում քաղաքում։

Sputnik Արմենիա