Логотип

«Դատավարություն» Բաքվում. Ռուբեն Վարդանյանի փաստաբանը երկու միջնորդություն է ներկայացրել

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` նիստի ընթացքում Վարդանյանի փաստաբան Էմիլ Բաբիշովը ներկայացրել է երկու միջնորդություն։

Մասնավորապես, պաշտպանությունը խնդրել է նախաքննության ընթացքում և դատարանում հարցաքննված բոլոր վկաների, այդ թվում՝ Կամո Հայրապետյանի և Մուշեղ Գրիգորյանի (ովքեր վկայություն են տվել 2025 թվականի մարտին) ցուցմունքները ճանաչել անվստահելի և հանել ապացույցներից։

Ըստ փաստաբանի՝ այս ցուցմունքները որևէ կապ չունեն Վարդանյանի հետ։

Երկրորդ միջնորդության մեջ փաստաբանը նշել է, որ քննված դրվագներից շատերը վերաբերում են այն ժամանակահատվածին, երբ Վարդանյանը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի քաղաքացի էր և զբաղվում էր գործարարությամբ։ Այս կապակցությամբ պաշտպանական կողմը խնդրել է վերջնական որոշում կայացնելիս հաշվի չառնել այսպես կոչված «տուժածների» և նրանց իրավահաջորդների ցուցմունքները որպես ապացույց:

Միևնույն ժամանակ, Վարդանյանն ինքը խնդրել է գործի նյութերում ներառել մի շարք փաստաթղթեր։ Դատախազությունը չի առարկել։ Դատարանը որոշել է փաստաթղթերը թարգմանել ադրբեջաներեն և ներառել գործի նյութերում։

Վարդանյանը նաև խնդրել է ծանոթանալ քրեական գործի առաջինից տասնհինգերորդ հատորներին և հնարավորություն տալ կանչել դրանցում թվարկված, այսպես կոչված, վկաներին։ Դատախազությունը վկաների կրկնակի հարցաքննությունը համարել է չհիմնավորված։

Դատարանը բավարարել է գործի նյութերին ծանոթանալու խնդրանքը, իսկ վկաներին կանչելու վերաբերյալ որոշումը կկայացվի ավելի ուշ։

Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա