Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխությունը որևէ պայմանավորվածության արդյունք չէ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կարապետյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինած Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
«Իմ բոլոր դատական ակտերն իրենց մեջ որոշակի առումով, այո՛, համարձակություն են պարունակում։ Յուրաքանչյուր դատավոր պետք է լինի համարձակ, պետք է գործի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, ու դա ինքնին արդեն համարձակություն է պահանջում»,- ասաց դատավորը։
Նրա խոսքով՝ գործի քննության ընթացքում իր համար անձինք կարևոր չեն, կարևոր են օրենսդրությունը, քրեական գործը, միջնորդությանը կից ներկայացված նյութերը։
«Դրանք ես գնահատում եմ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ իմ ներքին համոզմամբ»,- ասաց Պետրոսյանը։
Շեշտեց՝ որևէ մեկի սրտի որոշումը երբևէ չի կայացրել, իր կայացրած որոշումներն ու ակտերը բխում են բացառապես օրենքից։
Sputnik Արմենիա
