Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը` Արսեն Ղուկասյանը, կալանավորվեց 1 ամսով։ Հայտնում է փաստաբան Տաթև Սողոյանը։
Գործը քննվում էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալել են անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսին` Ապիջան Սարգսյանին և Արսեն Ղուկասյանին, հետո հայտնի դարձավ, որ Ապիջան Սարգսյանին ազատ են արձակել, իսկ Արսեն Ղուկասյանին` ոչ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29–ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։
Փաստաբան Տաթև Սողոյանն ասել էր, որ ոչ մի տեսանյութով չի հաստատվել, որ Արսեն Ղուկասյանը ռազմական ոստիկանության կամ ՀՀ պաշտպանության նախարարության որևէ ծառայողի է հարվածել կամ շշեր նետել նրա ուղղությամբ։
Նա նաև հայտնել է, որ Արսեն Ղուկասյանը մի շարք խրոնիկ հիվանդություններ ունի, նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ։
Sputnik Արմենիա