ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված 100 միլիոն դրամ գրավը կրկնակի նվազեցվել է։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը, քննության առնելով Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց 100 մլն դրամի չափով գրավը նվազեցնելու մասին իմ միջնորդությունը, որոշեց այն բավարարել, գրավի չափը նվազեցնել և սահմանել 50 մլն դրամ»,- գրել է Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2021-ի սեպտեմբերի 7-ին հայտնեց, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է 190 մլն դրամ կաշառք ստանալու, խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու, հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու մեջ: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց։
Նա 2021թ-ի սեպտեմբերի 7-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
2022 թվականի օգոստոսի 11-ին Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը փոխվեց։ Նա ազատ արձակվեց 100 մլն դրամ գրավի, ինչպես նաև չհեռանալու մասին ստորագրության դիմաց։
Sputnik Արմենիա
