Логотип

Դատարանը մերժել է Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍՆ-ի և «Հայաստանի պատմության» հեղինակի

Դատարանը մերժել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։

Նշենք, որ Սամվել Շահրամանյանը պահանջում էր «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքից հանել տեղեկությունն այն մասին, թե ինքը, որպես նախագահ, ստորագրել է ԼՂ լուծարման մասին հրամանագիրը։ Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի նախկին նախագահի անունից դատարան դիմել է 2025 թվականի սեպտեմբերին։

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աշոտ Հովհաննիսյանի, մերժել է հայցը։

Հիշեցնենք, որ դասագրքում կա «ԼՂ հայաթափումը» ենթավերնագիր, որտեղ արտացոլված է տեղեկություն, թե ԼՂՀ նախագահը ստորագրել է ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր։

Փաստաբան Ռոման Երիցյանը Sputnik Արմենիային ներկայացրեց հայցը մերժելու դատարանի ներկայացրած հիմնավորումը։ Ըստ վճռի՝ դատարանը դիմումում հայցվորի (Սամվել Շահրամանյանի) պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու փաստը չի հիմնավորվում։

«Դատարանը նման եզրահանգման է եկել, քանի որ հայցվորի փաստարկները վերաբերելի են բացառապես դպրոցական դասագրքերում տեղ գտած ուսումնական նյութի ամբողջական շարադրման հետ կապված թերություններին։ Դատարանի գնահատմամբ հայցվոր կողմի պնդումների՝ հիմնավոր համարելու պայմաններում նույնիսկ դրանք չեն կարող դրվել սույն հայցապահանջի բավարարման հիմքում։ Ուժի գործադրման կամ դրա գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության ներքո որևէ փաստաթղթի ստորագրումն ինքնին որևէ իրավական ուժով օժտված լինել չի կարող և առոչնինչ է ստորագրման պահից, ինչը բխում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներից»,- ասված է դատարանի վճռում։

«Ուստի անգամ հրամանագրի ընդունման փաստի՝ իրականությանը չհամապատասխանելու դեպքում դատարանը ողջամիտ չի համարում հայցվորին նման արարքի վերագրումը դիտարկել որպես վերջինիս՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող վարքագծի վերաբերյալ զրպարտող տեղեկատվության հրապարակում»,- նշվում է վճռում։