Логотип

Դատարանը մերժեց Միքայել սրբազանի պաշտպանական կողմի բացարկի միջնորդությունը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանում նիստը սկսվեց նախագահող դատավոր Էդգար Մանասյանին բացարկի միջնորդություն ներկայացնելով։ Սրբազանի պաշտպաններից Արա Զոհրաբյանը նշեց, որ պատճառը գործով դատախազ Վահան Հարությունյանի հետ դատավորի ունեցած ընկերական կապն է։

Դատարանը մերժեց միջնորդությունը։ Այսպիսով Միքայել սրբազանի վերաքննիչ քրեական բողոքը կքննեն դատավորներ Վաչե Մարգարյանը, Նարինե Հովակիմյանը և նախագահող Էդգար Մանասյանը։

Մինչ միջնորդությունը Վերաքննիչ քրեական դատարանում նիստը նախագահող Էդգար Մանասյանն անձամբ հայտնեց, որ գործով հանրային մեղադրող Վահան Հարությունյանի հետ միասին աշխատել են և ունեն ընկերական կապեր։

«Մենք միմյանց առիթներին մասնակցություն ենք ունեցել, սակայն դատարանը հավաստիացնում է, որ սա որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ դատարանի անաչառության վրա»,– ասաց Մանասյանը։

Արա Զոհրաբյանը հավելեց, որ պաշտպանական կողմը վերապահում ունի նաև գործով մյուս դատավոր Վաչե Մարգարյանի հետ կապված, սակայն նրա նկատմամբ բացարկի միջնորդություն չեն ներկայացնում, քանի որ եթե նախագահողի բացարկի միջնորդությունը հաստատվի, դատավորների ամբողջ կազմը պետք է փոխվի։

Ի դեպ, Միքայել սրբազանին դատարան են տեղափոխել բժշկական կենտրոնից, սակայն նա դատարանին հայտնեց, որ այս պահին նիստին մասնակցելու հետ կապված առողջական խոչընդոտ չունի։

Sputnik Արմենիա