Նոյեմբերի 17–ին հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը։ Այս մասին հայտնել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան եթերում։
«Նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ին, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ տեղի կունենա Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը», – ասել է Վարդևանյանը:
Փաստաբանը բացատրել է, որ նոյեմբերի 13-ին Սամվել Կարապետյանի գործով վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պետք է որոշում կայացներ պաշտպանական կողմից ներկայացված բողոքի, ինչպես նաև դատախազության կողմից ներկայացված բողոքների վերաբերյալ։
«Դատախազության կողմից ներկայացված բողոքը վերաբերում էր տնտեսական բնույթի 2 անիմաստ և աբսուրդային մեղադրանքների` կապված հիմնավոր կասկածի հաստատմանը, ինչպես նաև փաստացի կալանքի 1-ամսյա ժամկետը 2-ամսյա կալանքի վերածելու։ Մեր կողմից ներկայացված բողոքը, վերաբերում էր նրան, որ հայտնի կոչերի դրվագով չի կարող լինել հիմնավոր կասկած, ինչպես նաև, որ կալանքը րոպե շուտ պետք է վերացվի։ Դատարանը որոշեց 2 բողոքները մերժել նոյեմբերի 13–ին»,–նշել է Վարդևանյանը։
Փաստաբանի խոսքով ՝ աբսուրդն այն է, որ պաշտպանական կողմը վերաքննիչ դատարանի` նոյեմբերի 13–ին կայացրած որոշումը ծանուցումով ստացել է այսօր` նոյեմբերի 14-ին, մինչդեռ դատախազությունը ոչ միայն նոյեմբերի 13–ին է ստացել դատարանի որոշումը, այլև հասցրել է նույն օրը նյութերն օգտագործել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդության համար:
Sputnik Արմենիա
