Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ տեր Թադե) դեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացրած երկու հայցերը։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին և նրա կնոջը՝ Հռիփսիմե Խաչատրյանին հետ վերադարձնել Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Մյասնիկյանփողոցի 3-րդ շենքի 5-րդ բնակարանը՝ վտարելով պատասխանողներին նշված բնակարանից։
Մյուս հայցով պահանջ է ներկայացվել դատարան պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին հետ վերադարձնել Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ արգելելով նրան մուտք գործել եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ խորան, ավանդատուն և ատյան։
Երկու հայցերով պահանջ է ներկայացվել նաև պատասխանողներից հօգուտ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Հայցերը մակագրվել են դատավոր Զարուհի Մկրտչյանին, ում որոշմամբ դրանք փետրվարի 18-ին վարույթ են ընդունվել։
Sputnik Արմենիա
