Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը դատական հայց էր ներկայացրել Մերձավոր Արևելքի կինոակադեմիայի ասոցիացիայի նախկին փոխնախագահ և կինոգործիչ Ռոջհիլաթ Աքսոյի դեմ։ Պատճառն այն էր, որ վերջինս Դիարբեքիրում ցուցադրել էր «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը, որը ներկայացնում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի Ավրորա Մարդիգանյանի պատմությունը, հայտնում է Ermenihaber.am-ը։
Կինոգործիչի դեմ ընթացող դատավարության հիմքում Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներն էին։ Նշվել է, որ Աքսոյը պետք է պատժվի «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, Թուրքիայի Հանրապետության կառավարությանը և պետության դատական մարմիններին հրապարակայնորեն վիրավորելու» համար։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ դատական հայցը նրա դեմ է, քանի որ նա է դիմում ներկայացրել հիշյալ ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու համար։
Ապրիլի 6-ին Դիարբեքիրի առաջին ատյանի քրեական դատարանում տեղի է ունեցել Ռոջհիլաթ Աքսոյի գործով 2-րդ դատական նիստը։ Հոծ բազմության պատճառով նիստը սկսվել է 30 րոպե ուշացումով։ Հետաքննությունից հետո կազմված մեղադրական եզրակացության մեջ նշվում էր, որ ֆիլմը 1915 թվականի իրադարձությունները պատկերել է որպես ցեղասպանություն, իսկ հայերին՝ անմարդկային վերաբերմունքի զոհ։ Աքսոյի փաստաբան Ֆըրաթ Յըլդըզը հայնել է, որ իրենք համաձայն չեն վերոնշյալ կարծիքի հետ և խնդրել է իր պաշտպանյալի արդարացումը։ Ըստ նրա՝ նման դատավարությունները սահմանափակում են խոսքի ազատությունը և ճնշում գործադրում արվեստի վրա։
Փաստաբանը նաև նշել է, որ իր պաշտպանյալը ֆիլմի ռեժիսորը չէ, այլ միայն մասնակցել է ցուցադրության գործընթացին։ Դրա հետ մեկտեղ հավելել է, որ նույնիսկ եթե նա լիներ ռեժիսորը, մեկ է, դա պետք է դիտարկել խոսքի ազատության շրջանակներում:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի նախադեպեր այս հարցի վերաբերյալ: Կան որոշումներ, որոնցով անհատներ և հաստատություններ, այդ թվում՝ Դիարբեքիրի փաստաբանական ասոցիացիան, որոնք հետապնդվել էին 1915 թվականի իրադարձությունների մասին տեղեկատվություն տարածելու մեջ, արդարացվել են»,- նշել է նա:
Վերոնշյալ փաստարկներից հետո դատարանն արդարացրել է Ռոջհիլաթ Աքսոյին։
News.am
