Логотип

Դատարանն ընդունեց Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին նոր մեղադրանք առաջադրելու որոշումները

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, ընդունեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին նոր մեղադրանքների որոշումները։ Այլ խոսքով՝ դատարանը թույլատրեց, որ մեղադրողը փոխի մեղադրանքները և նոր մեղադրանք ներկայացնի։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արմեն Գևորգյանը և Սեյրան Օհանյանը, լինելով ԱԺ պատգամավորներ, մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերեցին՝ առանց անձեռնմխելիության հաղթահարման, ուստի, պնդում են, որ խախտվել է իրենց իրավունքը։ Հատկանշական է, որ մինչ դատարանը կկայացներ այս որոշումը, պաշտպանության կողմը բարձրացնում էր այդ հարցը՝ նշելով, որ պատգամավորին չեն կարող նոր մեղադրանք ներկայացնել՝ առանց ԱԺ համաձայնության։ Նախագահող Սարգիս Պետրոսյանը հայտարարեց, թե քրեական հետապնդումը սկսվել է 2018թ․-ին, հետևաբար, սա հետապնդման շարունակությունն է։ Արմեն Գևրոգյանն էլ հիշեցրեց, որ երբ ինքը դարձել է ԱԺ պատգամավոր՝ 2021թ․-ին, 300,1-րդ հոդված չի եղել, ինքն էլ՝ դատապարտված չի եղել, այսօր իրեն նոր մեղադրանք է առաջադրվել՝ առանց անձեռնմխելիության հաղթահարման։ Նման դիրքորոշում ներկայացրեց նաև Սեյրան Օհանյանը՝ հարց ուղղելով․ «Եթե մեղադրանքը առաջադրում եք, գրում, որ կանդրադառնաք համապատասխան փուլում, ապա որ փուլում եք անդրադառնալու, եթե առանց անձեռնմխելիություն հաղթահարելու՝ մեղադրանք եք առաջադրում մեզ»։

Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ իբրև սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ ՍԴ-ի կողմից՝ 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ․) 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ հանցադեպի բացակայության հիմքով, թեև դատախազները պահանջում էին վերաորակել արարքը։ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը:

ՍԴ-ն որոշել է մասնակի բավարարել դիմումը՝ նշելով, որ թեև հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից: Վճռաբեկ դատարանը որոշել է բավարարել դատախազության բողոքը։