Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձում գերազանցեց իրեն. դեմագոգիայի վարպետության դաս:
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարեց, թե իբր՝ եթե 2024 թվականի մարտից հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության հետևանքով զոհեր չկան, ապա դա «հանգամանքների պատահական բերում չէ», այլ «2021 թվականի արտահերթ ընտրություններում կառավարությանն ու խորհրդարանական մեծամասնությանը ժողովրդի պատվիրակած ռազմավարության իրականացում»։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՂՋԱՄԻՏ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐԶ Է, թե ինչու Ալիևը չի կրակում 2024-ի մարտից ի վեր։ Բայց Նիկոլ Փաշինյանին ու իր զոմբի թիմին կհիշեցնենք. որովհետև շնորհիվ Նիկոլ Փաշինյանի, մեծապես շնորհիվ Նիկոլ Փաշինյանի, Ալիևը 2023-ի սեպտեմբերին լուծեց իր գլխավոր խնդիրը. ամայացրեց հայկական Արցախը։
Այո, Ալիևը Հայաստանի նկատմամբ պահանջների դեռ մի տրցակ էլ ունի, բայց Փաշինյանը Ադրբեջանի նախագահին համոզել է, որ այդ պահանջները բավարարելու համար բնավ պարտադիր չէ պատերազմել. ինքը՝ Փաշինյանը, անձամբ կբավարարի Ալիևի բոլոր պահանջները ժամանակի ընթացքում, խաղաղ… և որպես իր «բարի» մտադրությունների ապացույց՝ Փաշինյանը 2024-ին տարածքներ հանձնեց Ալիևին Տավուշում։
Դրա համար էլ Ալիևն այսօր չի կրակում։ Չի կրակում, այլ սպասում է, թե երբ է Փաշինյանը վերընտրվելու և սկսելու կատարել Բաքվի նորանոր պահանջները բավարարելու իր խոստումները։ Հենց դրա համար էլ կանգ առավ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը։ Նիկոլի ամանորյա ուղերձում բացի ամենայնից գովերգված հանձնաժողովներինը։ Ադրբեջանում պարզապես սպասում են, թե երբ է Փաշինյանը վերընտրվելու, որպեսզի վերսկսեն «սահմանազատումն» այնտեղ, որտեղ ցույց կտա Ալիևը, որպեսզի նոր տարածքներ ստանան։
Ամեն ինչ ակներև է։ Եվ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև տարածաշրջանի բոլոր շահագրգիռ դերակատարների համար։ Բայց դեմագոգիայի վարպետ Փաշինյանն իր ամանորյա ուղերձում որոշեց ամբողջ մեղքը բարդել ժողովրդի վրա։
2021-ի խորհրդարանական ընտրություններում ժողովո՞ւրդն է նրան պատվիրակել հանձնելու Արցախը, որպեսզի Ադրբեջանն այլևս չկրակի։ Ըստ Փաշինյանի՝ այդպես է որ կա, հենց այդպիսի «ռազմավարություն» է իրեն պարտադրել ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյան. «Այսօր մենք ապրում ենք այն ապագայի մեջ, որի համար դուք՝ ՀՀ քաղաքացիներդ, քվեարկել եք 2021 թվականին»
Ըստ էության, սա արդեն դեմագոգիա չէ։ Սա ողորմելի արարածի ստորություն է, որը մտահոգված է միայն նրանով, թե ինչպես պահպանի իշխանությունը։
Դեմագոգիայի մեկ այլ օրինակ Փաշինյանի ամանորյա հայտարարությունից. «Հայաստանի Հանրապետությունն այսօր պետություն է, քան երբևէ, անկախ է, քան երբևէ, ինքնիշխան է, քան երբևէ…»։
Այնքան ինքնիշխան է, որ վարչապետը Ալիևի պահանջով տարածքներ է հանձնում։ Ալիևի պահանջով հայտարարում է, թե Ղարաբաղյան շարժմանը վերջ է տրված։ Այնքան ինքնիշխան է, որ Հայաստանի վարչապետը պատրաստվում է փոխել Սահմանադրությունը Ալիևի պահանջով։ Հանձնել անկլավները Ադրբեջանի պահանջով։
Այնքան ինքնիշխան է, որ աջակցում է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով զբաղվող Մինսկի խումբը լուծարելու Ալիևի պահանջին։ Այնքան ինքնիշխան է, որ մտադիր է ճանապարհ բացել Ադրբեջանի պահանջով ու ձևաններով։ Այնքան ինքնիշխան է, որ Թուրքիայի պահանջով հրաժարվում է բարձրացնել Ցեղասպանության հարցը։
Վերջապես, այնքան ինքնիշխան է Հայաստանը Փաշինյանի օրոք, որ հրաժարվում է որևէ կերպ աջակցել իրենց Հայրենիքից վտարված արցախցիների իրավունքների հարցին, մինչդեռ Ալիևը հնարավոր բոլոր ուղղություններով առաջ է մղում «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի թեման։ Եվ Ադրբեջանի նախագահն անում է դա, քանի որ հստակ տեսնում է այդ պահանջի իրականացման հեռանկարը։
Դե, իսկ Փաշինյանն ասում է, թե իր գործողություններով ապահովել է հայոց պետության հավերժությունը… Եկեք անկեղծ լինենք. ինչպե՞ս անվանել այն մարդուն, որը կարող է ամենայն լրջությամբ խոսել այն մասին, թե ապահովել է իր պետության հավերժությունը: Նման բան կարող է ասել կա՛մ տխմարը, կա՛մ լուրջ հիվանդ, սեփական վեհության ծայրահեղ սուր արտահայտված մոլուցքով տառապող մարդը։
