Логотип

Դեսպան․ Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս է հասցնելու նաև Հայաստանին

Այս պատերազմում Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս է հասցնելու նաև Հայաստանին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Նա ընդգծեց՝ դա ասում է ոչ թե որպես դեսպան, այլ որպես վերլուծաբան։

«Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պատմության ընթացքում Հայաստանի նկատմամբ առկա որոշ երկրների նկրտումները, թեև այս պահին կարող ենք ասել, որ մոխիրների տակ թաքնված կրակների նման են, սակայն դեռ առկա են։ Մեր սրտի ցանկությունն է, որ Հայաստանը լինի ուժեղ պետություն։ Աստված մեզ օգնական՝ այս պատերազմում Իրանը պարտություն չկրի, և Հայաստանն էլ դրա հետևանքով վնաս չկրի»,- ասաց ՀՀ–ում Իրանի դեսպանը։

Շիրղոլամին շեշտեց՝ այս տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը շահեկան է բոլորի համար։ Նա հույս հայտնեց, որ Հարավային Կովկասում խաղաղությունը կպահպանվի։ Ինչ վերաբերում է TRIPP-ին, դեսպանն ընդծեց՝ այս ուղղությունը, ճանապարհը, որը Հայաստանի համար հաղորդակցային տեսանկյունից, հնարավոր է, նոր հնարավորություններ ստեղծի, չպետք է օտարների ձեռքում գործիք դառնա Իրանի դեմ։

«Հայաստանի իշխանությունները մեզ վստահեցրել են, որ այս ճանապարհը ռազմական իմաստ չի ստանալու, և Հայաստանի ինքնիշխանությունն այս ուղու վրա կպահպանվի։ Մենք չենք ցանկանում այս պահին մտնել այդ գուշակությունների մեջ, թե արդյոք ԱՄՆ-ն ունի նման ծրագրեր, թե ոչ։ Մեր և Հայաստանի միջև վստահություն կա»,- շեշտեց դեսպանը։

Sputnik Արմենիա