Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ստրասբուրգում անցկացված ձմեռային նստաշրջանը բավական հետաքրքիր գտնվեց ինչպես ընդունած բանաձևի, այնպես էլ հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամների մի շարք վառ ելույթների շնորհիվ: Այդ ամենը հանգամանորեն լուսաբանվել է մամուլում, բայց ընդ որում քչերն են ուշադրություն դարձրել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի բավական ուշագրավ խոստովանության վրա։
«ԱՐԴՅՈՔ ԲԱՆԱԿՑՈ՞ՒՄ ԵՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ՝ Բաքվում պահվող հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակման համար՝ որպես ադրբեջանական պատվիրակությանը ԵԽԽՎ վերադարձնելու ձեր ջանքերի մաս»,- հարցրեց Բերսեին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը: Բացի անդամ պետությունների կողմից Մարդու իրավունքների պաշտպանության իրենց պարտավորությունների պահպանման կարևորության մասին հերթապահ արտահայտություններից, գլխավոր քարտուղարը մի տեսակ անսպասելիորեն անկեղծացավ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղ գործընթացի» առնչությամբ:
Շվեյցարացի քաղաքական գործչի խոսքերով, գործընթացն ընթանում է բնավ ոչ այնքան արագ, որքան սպասվում էր։ «Մենք պետք է խոստովանենք, որ իրավիճակը շատ ավելի խճճված է։ Անցած ամառ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց ԱՄՆ նախագահի հովանու ներքո, բայց հիմա մենք տեսնում ենք, որ դժվարություններ կան»,- հայտարարեց նա։
Ալեն Բերսեն գուցեև գործընթացի մանրամասներին ամենալավատեղյակ մարդը չէ։ Բայց նրա խոստովանությունը առավելևս արժեքավոր է միջազգային բարձրաստիճան պաշտոնյաների երեսպաշտ երգչախմբի խորապատկերին, որոնք միաբերան կրկնում են արդեն անասելի ձանձրացրած ու ոչինչ չնշանակող կաղապարները։ Դե, և ինչո՞ւ պիտի ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը դուրս մնա ընդհանուր շարքից և արձանագրի բարդությունները, անսպասելի հապաղումներն ու «իրավիճակի խճճվածությունը», եթե ամեն ինչ վարդագույն է ու հարթ։
Ընդ որում չմոռանանք, որ խոսքը եվրոպական խոշորագույն միջպետական կառույցներից մեկի ղեկավարի մասին է, որը միշտ ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանային գործընթացներում։ Բոլոր այս գործոնները կասկած չեն թողնում, որ իրավիճակն իսկապես բարդացել է, և գործընթացը մտել է փակուղի։
Այդ փակուղու անվանումը կարելի է նշել չսխալվելու մեծ հավանականությամբ. անկասելիորեն մոտեցող խորհրդարանական ընտրություններ Հայաստանում, որոնք խաղի սեփական կանոններն են թելադրում Փաշինյանին՝ Ալիևի ու Էրդողանի հետ մեկտեղ։ ՔՊ-ի հակահայկական իշխանության վերարտադրության համար վճարելիք ծայրահեղ բարձր գինը նշյալ եռյակի պարագայում հաստատ հանգեցրել է ցինիկ գործարքի կնքման. ասենք՝ բազմաթիվ դավադրություններից լոկ հերթականի, կենսական կարևորություն ունեցող հայկական շահերի հաշվին։
Շատերի համար անհասկանալի է մնում Նիկոլի ներկայիս պահվածքը, որը կարծես թե գիտակցաբար գցում է սեփական վարկանիշը, ավելին՝ սադրում միջազգային հանրությանը իր հասցեին թեկուզև դեռևս ոչ գերակշռող, բայց արդեն լսելի քննադատության։
Այս մասին վերջերս խոսեց նաև քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ նշելով, որ արևմտյան շրջանակներում թերահավատություն է հասունանում ՀՀ իշխանությունների նկատմամբ, և քննադատները գնալով շատանում են։
«Սրանք անցել են բոլոր կարմիր գծերը, և ինձ մոտ տպավորություն է, որ Վաշինգտոնում փոքր-ինչ հիասթափված են այս իշխանությունից։ Հնարավոր է, որ շուտով տեսնենք կոնկրետ քայլեր՝ որպես այդ հիասթափության դրսևորում»,- ասաց պրոֆեսորը։ Գուցե հենց դա՞ նկատի ուներ Բերսեն՝ խոսելով «սպասվածից ավելի խճճված»» իրավիճակի մասին։
ՉԵՆՔ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՆԻԿՈԼՆ ՈՒ ԻՐ ԹԻՄԱԿԻՑՆԵՐՆ ԻՐԵՆՔ ԷԼ ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Խաչիկյանի նշած միտումները, հաստատ գիտակցելով, որ Հայոց Եկեղեցու դեմ հանցավոր արշավից իրենց կրած վնասը կարող է շատ էական լինել թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։ Մենք, իհարկե, հեռու ենք այն մտքից, թե Փաշինյանի արևմտյան հովանավորները կարող են երես թեքել նրանից ընտրությունների ժամանակ, բայց այդուհանդերձ այդչափ ագրեսիվ, ահագնացված, բոլոր օրենքներն ու իրավական նորմերը ոտնահարող, իր էությամբ վայրի հարձակումը ՀԱԵ-ի վրա զգալիորեն հարվածում է հայ «ժողովրդավարների» միջազգային իմիջին։
Չենք խոսում արդեն այն մասին, որ Նիկոլը կանգնած է եզրագծին.չնայած հասարակության գերակշիռ մասի թվացյալ անտարբերությանը և ընդդիմության համարժեք գործողությունների բացակայությանը, ոչ ոք չգիտի, թե հատկապես որտեղ և երբ է տեղի ունենալու պոռթկումը. այն պոռթկումը, որը կկարողանա գրողի ծոցն ուղարկել այս իշխանությանը՝ ի հեճուկս «վերլուծաբանների» բոլոր հաշվարկների։
Բնական հարց է առաջանում. ինչո՞ւ առճակատ գրոհել, ինչը սպառնում է ամեն ինչի կորստով, եթե կարելի է գործել զուսպ, շրջահայաց կերպով, հետագային թողնելով այն, ինչն այսօր շատ ռիսկային է։
Ամեն ինչ, ամենայն հավանականությամբ, շատ պարզ է: Նախ՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ գործող իշխանությունները ձգտում են ընտրությունների ճակատագիրն ամեն գնով իրենց օգտին դարձնել քվեարկությունից շատ առաջ։ Բացի այդ, կասկածից վեր է, որ Նիկոլի գլխավոր հաղթաթուղթը, որը մոգական ազդեցություն է գործում Հայաստանի բնակչության, ասենք այսպես՝ առավել պրիմիտիվ մտածող հատվածի վրա, «խաղաղության հաստատումն» է, ինչն իշխանությունների կողմից ամեն կերպ ներկայացվում է իբրև կատարված փաստ (կրկին հիշենք Բերսեի խոսքերը, որոնք հերքում են դա)։
Իսկ ումի՞ց է կախված այդ «խաղաղությունը», ավելի ճիշտ՝ սահմանի վրա կրակոցների ժամանակավոր բացակայությունը։ Իհարկե՝ Ալիևից ու Էրդողանից, որոնք ջերմեռանդորեն ձայնակցում են ՔՊ-ին, որպեսզի հաստատեն իրենց ռազմատենչ մտադրությունների բացակայությունը և աջակցեն հանցավոր իշխանության վերարտադրությանը։ Ընդ որում, Բաքուն չի դադարում հետևողականորեն ավելացնել իր ռազմական բյուջեն և ողջ թափով զինվել, իսկ Անկարան, օրինակ, ակտիվ արշավ է ծավալում սփյուռքահայության դեմ ՝ միաժամանակ հաճոյախոսություններ շռայլելով Երևանում նստած իր դրածոներին այն բանի համար, որ վերջիններս ջանասիրաբար «չեն նկատում» ո՛չ մեկը, ո՛չ երկրորդը, ո՛չ էլ երրորդն ու տասներորդը։
Բայց Թուրքիային ու Ադրբեջանին հույժ անհրեժեշտ է իրենց համար ամենակարևորը. ճանապարհից հեռացնել Հայաստանյայց Եկեղեցին՝ որպես ազգային վերջին կառույց, որը կարող է դիմակայել իրենց ծավալապաշտական ծրագրերին նույնիսկ այն դեպքում, եթե Նիկոլը մնա իշխանության ղեկին։ Եվ որը հնարավորություն ունի ընտրություններից առաջ համախմբել ազգին այս ազգադավ ռեժիմի դեմ պայքարում։
Հայ Առաքելական Եկեղեցին՝ հզոր առաջնորդ Կաթողիկոսի գլխավորությամբ, ներքին և արտաքին թուրքերի գլխավոր և ամենահզոր թշնամին է: Հետևաբար, շատ հավանական է գործարքի առկայությունը, որը ստիպում է Փաշինյանին գրոհի ելնել այն պայմաններում, երբ ավելի նախընտրելի կլիներ մարտավարական նահանջը։
ԱՅՍԻՆՔՆ ԱՅՆ ԲԱՆԻ ԴԻՄԱՑ, ՈՐ ԱԼԻԵՎԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵՐԻ ՎՐԱ, ավելի քիչ է խոսում «Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանի տարածքում առաջ շարժվելու իր ծրագրերի մասին (այդ միտումը նույնպես արձանագրվել է փորձագետների կողմից), Նիկոլը պետք է լուծի նրանց համար ընդհանուր խնդիրը. հաշվեհարդար տեսնի Գարեգին Բ Կաթողիկոսի և նրան հավատարիմ հոգևորականների հետ և լիովին իրեն ենթարկի Եկեղեցին։
Իրականում այն ամենը, ինչ տեղի է ունենում Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովի նախօրեին, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարում սեփական ձախողման ճանաչումն է իշխանությունների կողմից։ Սա մահացու վիրավոր այն գազանի ավելի ու ավելի նողկալի դրսևորումներ ստացող կատաղությունն է, որը հասկանում է, որ գործնականում պարտվում է, և իր բոլոր գործողությունները շրջվում են իր իսկ դեմ։ Բայց որը չի ցանկանում, և չի կարող կանգ առնել կնքած դիվական գործարքի պատճառով:
Այս խորապատկերին հանուն իշխանության ամեն քայլի դիմելու Փաշինյանի պատրաստակամությունը թերագնահատելն ամենամեծ սխալը կլիներ։ Ինչպեսև այն հավանականության բացառումը, որ գիտակցելով սեփական անզորությունը՝ նա կդիմի Բաքվում ու Անկարայում իր դաշնակիցներին՝ Հայաստանի տարածք զորք մտցնելու առաջարկով։ Սա առավելևս հավանական է տարածաշրջանային սրընթաց սշիկացող իրավիճակի խորապատկերին, ինչն էլ իր հերթին թույլ կտա նրան հիմնավորել նման քայլը Հայաստանում «ներքին ապակայունացումը կանխելու» և «խաղաղություն հաստատելու» անհրաժեշտությամբ։
Եվ եթե երկրի ղեկավարն ինքն է նման բան նախաձեռնում, մնացած բոլորը թքած կունենան, քանզի աշխարհի հզորները, բնականաբար, շատ ավելի կարևոր հարցեր ունեն։
Այս պայմաններում գոյաբանական կարևորություն են ստանում Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության գործողությունների խոհունությունն ու իմաստնությունը և նրա պատրաստակամությունը իր շուրջ համախմբելու ազգային բոլոր առողջ ուժերին, որոնք կարող են թույլ չտալ Հայոց պետության և ազգի համար այդչափ աղետալի զարգացումներ:
