Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում հայերը բողոքի նախօրեին երեկոյան ակցիա են իրականացրել, իրենց բողոքն արտահայտելով Հայաստանում սրբազանների և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումների դեմ։ Ակցիայի մասնակիցներից Վահան Բաբախանյանն ընթերցեց հայտարարության տեքստը, որը պատըրաստվել է հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման արդյունքում։
«Այսօր Սուրբ Կատարինե Հայ Առաքելական Եկեղեցում երեկոյան պատարագից հետո, 2025 թվականի դեկտեմբերի 22-ին, տեղի ունեցավ ժողով՝ հայ ժողովրդի խաղաղության և միասնության համար միասին աղոթելու, որի ժամանակ միաձայն ընդունվեց հետևյալ հայտարարությունը։
Հանդիպման մասնակիցները արտահայտում են իրենց բողոքը Հայ Առաքելական Եկեղեցու, հոգևորականության, բարեպաշտ աշխարհիկների, բարերարների և ընդհանրապես այլախոհների նկատմամբ կիրառվող կոշտ, անհիմն ճնշումների դեմ, որոնք հանգեցնում են հասարակական գիտակցության պառակտման և քայքայման Հայաստանում և Սփյուռքում»։
Իր հերթին Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցիներում ծառայող տեր Եփրեմ Քահանա Զարգարյանը նշեց. «Այսօր Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները, մեր հավատացյալները, ինձ խնդրեցին, որպեսզի միասնաբար աղոթենք եկեղեցում, մեր երկրի խաղաղության և ազգի միասնականության համար, հատկապես մտահոգված, որովհետև այս օրերին այստեղ է Հայաստանի վարչապետը, պարոն Փաշինյանը, և հանդիպում է անցկացնելու համայնքի ներկայացուցիչներից ոմանց հետ, անշուշտ ընտրովի։
Միայն նրանք երևի, որոնք իր քաղաքականությանը կողմնակից են, անշուշտ կլինեն մարդիկ, որ իրենց անհամաձայնությունը կհայտնեն, բայց ուզում ենք փոխանցել, որ այստեղ հավաքված ժողովուրդը և նաև ռուսաստանաբնակ շատ հայեր դժգոհ են այն քաղաքականությունից, որ որդեգրել է հիմա Հայաստանի ղեկավարությունը՝ հանդեպ հայ եկեղեցու, հայ հոգևորականների, նաև բարեպաշտ հայորդիների, այդ թվում նաև բարեգործ Սամվել Կարապետյանի։
Այն գաղափարախոսությունը, որ ինքը քարոզում էր ի սկզբանե իշխանության գալով, դեռ այն ժամանակ ցավոք զգացում ունեի, որ այդ ամեն ինչը փոխվելու է ընթացքում։ Ժողովրդին պետք էր ոտքի հանել, որպեսզի իշխանության գա, և իրենց գաղափարախոսությունը, իրենց ցանկությունները, և այն հույսը, որ ներշնչում էին մեր ազգին, ցավոք այս տարիների ընթացքում բոլորը ի դերև ելան։ Մենք տեսնում ենք հակառակ ընթացքը, որ հատկապես այս իշխանության օրոք ամբողջ հայ ազգը բաժանվել է և բաժանվում է։ Սա մեծ մտահոգություն է։
Այսօր բոլորս վրդովված ենք, բոլորս անհանգիստ ենք և այսօրվա հավաքը նույնպես դրա վառ վկայությունն է։ Մենք մտահոգ ենք այն ուղղուց, որով տանում է մեր ազգին այսօրվա իշխանությունը, վախ ունենք թե այդ ուղին մեզ ուր է տանելու, երբ մենք հրաժարվում ենք մեր ազգային արժեքներից»։
News.am
