Логотип

ԴԺՎԱՐ Է ՀԱՄԱՐԺԵՔ ԼԻՆԵԼԸ

Արդի պատմությունն այն մասին է, թե որքան դժվար է համարժեք լինելը: Նույնիսկ ԱՄՆ նախագահի՝ միջուկային տերության առաջնորդի համար։ Ժամանակներն են այդպիսին:

Թրամփը ձգտում է դադարեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը, որը լարվածության մեջ է պահում աշխարհին։ Եվրոպայի առաջնորդները մի կողմից ճղավում են, որ աշխարհը Երրորդ համաշխարհայինի շեմին է, մյուս կողմից… Նրանց դուր չեն գալիս Թրամփի թիմի առաջարկները, ԱՄՆ նախագահին մեղադրում են Ուկրաինայի համար ոչ շահավետ պայմաններով խաղաղություն առաջարկելու մեջ:

Զելենսկին կարող էր խաղաղություն կնքել դեռ ամիսներ առաջ, չենք խոսում արդեն 2022 թվականի մարտի վերջի ստամբուլյան բանակցությունների մասին… Բայց ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ ավելի ուշ Զելենսկուն թույլ չտվեցին դա անել Ուկրաինայի համար ավելի շահավետ պայմաններով, քան հիմա։

ԵՎ ԱՀԱ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ԵԿԱՎ ԹՐԱՄՓԸ՝ «ԿԳԲ-Ի ԳՈՐԾԱԿԱԼԸ», և առճակատ ասաց Ուկրաինայի առաջնորդին. քո ձեռքին հաղթաթղթեր չկան։ Կշտամբանքների տարափ տեղաց։ Վա՜յ, Թրամփը դավաճանում է Ուկրաինային։ և ի՞նչ։ Հետաձգեցին խաղաղությունը, ռուսական զորքերն առաջ շարժվեցին, վերահսկողության տակ առան նոր տարածքներ։ Շարունակո՞ւմ ենք պատերազմել: Դե, այո, Կիևը կարող է այս անգամ էլ մերժել խաղաղության առաջարկները, թեև հաջորդներն Ուկրաինայի համար ավելի վատն են լինելու։

Անհամարժեք քաղաքական գործիչների հրահրած պատերազմը կարող էր և ընդհանրապես չսկսվել, եթե հեռավոր 2014-ին Կիևում որոշակի հատուկ ծառայությունների հսկողությամբ իշխանության եկածները և նրանց հաջորդները նույն հատուկ ծառայությունների հուշումով չորոշեին, թե եկել է «արջին որջը քշելու» ժամանակը։ «Արջը» երկար ժամանակ համոզում էր իր գործընկերներին համարժեք լինել, հաշվի առնել Ուկրաինայի ռուսալեզու շրջանների շահերը, բայց ի վերջո հունից հանեցին…

Մի՞թե մեծ խնդիր էր, որ հաշվի առնելով Ուկրաինայի ռուսալեզու շրջանների առանձնահատկությունները՝ ավելի շատ իրավունքներ տային նրանց: Մի՞թե մեծ խնդիր էր՝ ճանաչել, որ Ղրիմը Ռուսաստանի պատմական շրջանն է, և Ուկրաինայի կազմում այն կարելի է պահել միայն լիովին հաշվի առնելով Մոսկվայի շահերը։

Բայց Զելենսկին, որն այնքա՜ն նման է մեր Փաշինյանին… Երկուսն էլ՝ մի ծառի պտուղ, երկուսն էլ՝ խոսքի վարպետ, որոնց տեղը թատերական բեմահարթակներն են, երկուսն էլ, ստանձնելով պետության ղեկավարի պաշտոնը, ամեն անգամ մերժել են Մոսկվայի առաջարկները, որոնք թույլ կտային պահպանել և՛ տարածքները, և՛ մարդկանց։ Հանուն նրանց շահերի, ովքեր իրենց առջև դրել էին մեկ խնդիր. ամեն գնով թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը։

Փաշինյանն այդ ճանապարհին հասավ Արցախի կորստին։ Զելենսկին՝ նախ Ղրիմի կորստին։ Հետո՝ Դոնբասի ու Լուգանսկի։ Այժմ Զապորոժյեի և Խերսոնի հերթն է։

Թրամփն ասում է Զելենսկուն. «Հաղթաթղթեր չունես, կա՛նգ առ«»… 2020-ի հունվարին՝ Հայաստանի համար արդեն անցյալ կյանքում, որում կար ազատ Արցախ, համարժեք լինելու նույն կոչով Փաշինյանին դիմեց ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Զգուշացրեց, որ ճանապարհը, որով շարժվում է Փաշինյանը, «կործանման ճանապարհն է», պետք է «կանգ առնել և չփլուզել շուրջն ամեն ինչ»: Փաշինյանը կանգ չի առնում առ այսօր։ Դե, չէ մի չէ՝ Արցախ։ Հիմա հերթը Հայ Առաքելական Եկեղեցունն է։

Զելենսկին ունի գոնե հիմա կանգ առնելու հնարավորություն։ Բայց որքա՜ն դժվար է համարժեք լինելը… Եվրոպան, որը Փաշինյանին համոզել էր հանձնել Արցախը՝ «արջի քիթը տրորելու» համար, համոզում է Զելենսկուն կանգ չառնել ու շարունակել ծաղրել «արջին»։ «Կանգ չառնե՛ս»,- ասում է Զելենսկուն Եվրոպան, շարունակիր վարի տալ երկիրդ։

Հ.Գ. – Փորձագետների գնահատմամբ՝ Պորոշենկոյի օրոք, նրա կառավարման վերջին շրջանում Ուկրաինայի բանակի թվաքանակը 440 հազար էր։ Թրամփն առաջարկում է շարքում թողնել 600 հազար մարդու, Եվրոպան առաջարկում է հրացանի տակ դնել 800 հազարի։

Յանուկովիչի օրոք Ուկրաինայի բանակն ուներ 44 հազար զինծառայող, և երկիրն ապահով էր ապրում։