Логотип

Դիվանագետները և տարբեր երկրների քաղաքացիները Իրանից Հայաստանով են դուրս գալիս

Հայ-իրանական սահմանով արդեն տարհանվել են Չինաստանի, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ, ինչպես նաև Իրանում աֆրիկյան երկրի դեսպանատան աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է տեղում գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը։

Անցակետի աշխատանքի վերականգնումից հետո սահմանը հատել են Իրանում բնակվող հայեր, Իրանի քաղաքացիներ և օտարերկրացիներ։ Աֆրիկյան դիվանագիտական ​​​​առաքելության աշխատակիցներից մեկը հաստատել է, որ մեկնելու որոշումը կայացվել է ստեղծված իրավիճակի պատճառով, սակայն հրաժարվել է մանրամասն մեկնաբանություն տալ։

Վրաստանի քաղաքացի Նոդարը (անունը փոխված է) պատմել է, որ աշխատանքային այցով էր գտնվում Թեհրանում։ Նրա խոսքով` հարվածներն անակնկալի են բերել իրեն։

«Նման ռմբակոծություն վաղուց չէի տեսել», – նշեց նա։

Այդ օրը նա Թեհրան-Թբիլիսի ուղիղ չվերթի տոմս ուներ, սակայն չվերթը չեղարկվել է օդանավակայանի փակվելու պատճառով։

«Օդանավակայանը փակ է, տոմսը կորավ։ Որոշեցինք ցամաքային ճանապարհով հասնել», – հայտնեց նա։

Նրա խոսքով՝ Թեհրանից մինչև սահման ճամապարհը երկու հոգու համար արժեցել է 40 դոլար։ Սակայն սահմանից մինչև Երևան հասնելու համար տաքսու վարորդները 210 դոլար (մոտ 80,000 դրամ) պահանջեցին։

Տեղում գտնվող տաքսու վարորդները պնդում են, որ սակագները չեն փոխվել։

«Մեկ ուղևորի համար արժե մոտ 20,000 դրամ։ Միայն մեկ ուղևորության համար մինչև 80 լիտր բենզին է գնում, որը թանկացել է։ Ինքներդ հաշվեք՝ թանկ է դա, թե ոչ»,- ասաց վարորդներից մեկը։

Սահմանային անցակետում իրավիճակը հանգիստ է, երթևեկությունն իրականացվում է սովորական ռեժիմով։