Логотип

Դիտորդական առաքելության ապագան Եվրամիությունը Հայաստանի հետ կքննարկի ընտրություններից հետո

Մենք պայմանավորվել ենք շարունակել մեր աշխատանքը, շարունակել սահմանի պարեկությունը և զեկուցել զարգացումների մասին մինչև խաղաղության համաձայնագրի ոչ միայն ստորագրումը, այլև վավերացումը։ Այլ քննարկումներ դեռևս չեն եղել։ Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական մոնիթորինգի առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Նրան հարցրել են, թե արդյոք առաքելության շարունակությունը Հայաստանում քննարկվել է ՀՀ կառավարության հետ, թե առաքելությունը կիրականացվի փոփոխված ձևաչափով։

Նա ավելեց, որ ԵՄ առաքելության ապագայի հարցը չի քննարկվել Հայաստանի կառավարության հետ, այդ թվում՝ այն հարցը, թե արդյոք դիտորդները կմնան Հայաստանում խաղաղության համաձայնագրի վավերացվելուց հետո։

Խաղաղության համաձայնագրի վավերացումից հետո առաքելությունը կներգրավվի՞ TRIPP նախագծում հարցին ի պատասխան՝ Ռիտերը նշել է. «Ես չեմ կարող խոսել հնարավոր տարբերակների մասին. սա ինձ հետ չի քննարկվել։ Ամռանից հետո Եվրամիությունը ՀՀ կառավարության հետ կքննարկի ապագա ծրագրերը, բայց այս հարցը դեռևս չի քննարկվել»։

Նա հայտնել է, որ երբ ինքը ժամանել է Հայաստան, սահմանի երկայնքով լուրջ լարվածություն էր տիրում, փոխհրաձգություններ և նույնիսկ զոհեր կային զինծառայողների շրջանում։

«Բավական դժվար ժամանակ էր։ Այդ ժամանակ սահմանի մոտ ապրող բնակչությունը վախենում էր մոտ ապագայում նոր և բաց հակամարտությունից։ Բայց դա տեղի չունեցավ։ Հետևաբար, կարող եմ ասել, որ առաքելությունն արդյունք տվեց։ Այժմ իրավիճակը հանգիստ է, և սա երկու կողմերին էլ ժամանակ և հնարավորություն է տալիս խոսել միմյանց հետ և փորձել լուծել մնացած խնդիրները։

Առաքելությունը սկզբում բաղկացած էր 40 մարդուց, իսկ հիմա՝ 210։ Մեզ բավական լավ ընդունեցին, և մենք լավ համագործակցություն ենք հաստատել տեղի իշխանությունների հետ։ Ես կարծում եմ, որ առաքելությունը հաջողված էր, և սա հաջողության պատմություն է ոչ միայն անձամբ ինձ, այլև Հայաստանի համար»,- եզրափակել է Ռիտերը։

News.am