«Ականատես» դիտորդական առաքելությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և այլ քաղաքական ուժերի ֆինանսավորման վերահսկողության գործում:
Առաքելության տվյալներով՝ կուսակցության հաշվեհամարից կատարված բանկային գործառնությունների և նրա ընտրական հիմնադրամ կատարված մուտքերի միջև արձանագրվել են անհամապատասխանություններ. 10 մլն դրամի փոխանցման դեպքում ԿԸՀ հաշվետվություններում բացակայում են մուտքերի կամ ելքերի մասին տեղեկությունները: Միաժամանակ դիտորդները նշել են կուսակցության ակտիվ քարոզչությունը, որի ծախսերը, ըստ Ընտրական օրենսգրքի, պետք է հոգան միայն հիմնադրամի միջոցներից:
Խախտումներ են արձանագրվել նաև «Հանրապետություն», «Հայրենիք», «Ժառանգություն» կուսակցությունների և «Հաղթանակ» դաշինքի մոտ: «Ականատես»-ը հայտարարել է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքի ձևաչափը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկողական ծառայությունը էապես բարդացնում են ԶԼՄ-ների ու դիտորդական առաքելությունների վերահսկողական գործառույթները տվյալների համապատասխանության և արժանահավատության ստուգման ժամանակ:
Դիտորդների խոսքով՝ քաղաքական ֆինանսավորման թափանցիկության ապահովման համար պատասխանատու երկու մարմինների չհամաձայնեցված աշխատանքը անհնարին է դարձնում ընտրությունների ընթացքում օգտագործվող ֆինանսական հոսքերի նկատմամբ արդյունավետ վերահսկողությունը: «Ականատես»-ը երկու գերատեսչություններին կոչ է արել հստակեցնել և պարզաբանել տվյալները, ինչպես նաև պատշաճ փոխգործակցություն հաստատել նրանց միջև՝ հետագա անճշտություններից խուսափելու և թափանցիկության պահանջների լիարժեք պահպանումն ապահովելու համար:
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին: Ընտրություններին մասնակցելու է 8 քաղաքական ուժ:
Armenia Today
