Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ԱՄՆ է ժամանել «պաշտոնական բանակցությունների» համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների մասին հայտարարությունից երկու օր անց, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով այցին ծանոթ աղբյուրներին։
Աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար և Կրեմլի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը, ինչպես սպասվում է, կհանդիպի Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ՝ «ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների քննարկումը շարունակելու համար»։
CNN-ի հաղորդմամբ՝ այցը տեղի է ունենում ԱՄՆ-ում աճող դժգոհության ֆոնին, որը կապված է Կրեմլի կողմից Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մերժման և Թրամփի կողմից Բուդապեշտում Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված գագաթաժողովը չեղարկելու հայտարարության հետ, որի մասին ԱՄՆ նախագահը հայտնել էր մեկ շաբաթ առաջ։
Հեռուստաընկերությունը նաև նշել է, որ Դմիտրիևը վերջերս առաջարկել է Ալյասկայի և Ռուսաստանի Հեռավոր Արևելքի միջև «Թրամփ-Պուտին» թունել կառուցել։ CNN-ի հաղորդմամբ՝ խորհրդային ժամանակաշրջանի Ուկրաինայում ծնված և Հարվարդում և Սթենֆորդում կրթություն ստացած Դմիտրիևն աշխատել է որպես խորհրդատու ամերիկյան McKinsey խորհրդատվական ընկերությունում և որպես ներդրումային բանկիր Goldman Sachs-ում։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո նա ենթարկվել է ԱՄՆ պատժամիջոցների։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նրան անվանել է «Պուտինի և նրա ընտանիքի մտերիմ զինակից»։ ԱՄՆ իշխանությունները ժամանակավորապես չեղարկել են Դմիտրիևի նկատմամբ պատժամիջոցները, որպեսզի ԱՄՆ պետդեպարտամենտը կարողանա նրան երկիր մուտք գործելու վիզա տրամադրել, ապրիլին CNN-ին հայտնել էր աղբյուրը։
News.am
